«Արարատ-Արմենիայի» «ԱԼՖԱ» ֆան-ակումբը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ պահանջում է ակումբի տնօրինության հրաժարականը:
Հարգելի հայ ֆուտբոլասեր,
Իր 4 տարվա գործունեության ընթացքում «ԱԼՖԱ» ֆան ակումբը միշտ հետևանքներ է առաջացրել «Արարատ-Արմենիան» դեպի ներքև քաշող մարդկանց համար՝ հանդես գալով իր ծանրակշիռ խոսքով և գործողություններով։
Վերջին տարիներին ակումբում տեղի ունեցող անցուդարձը, համեմված վերջին շրջանում սկզբունքային խաղերում թիմի կրած պարտություններով, անհնար է դարձնում երկրպագուների բանակի լռությունը։
3 տարվա ընթացքում թիմի ներսում տեղի ունեցած տեղաշարժերը, նշանակումները, սելեկցիան, թիմի քաղաքականությունը, ղեկավարարման հետ առնչվող որոշումները և թիմի փիլիսոփայությունը խիստ շեղվել են այն ուղուց, որով ակումբը շարժվում էր իր հիմնադրման պահից, և որը մեզ էլ 2019ին համախմբեց այս ակումբի շուրջ։
Ակումբում տիրող թիմային ոգու և որդեգրած փիլիսոփայության կորուստը հանգեցրել է նրան, որ ակումբում մնացել են միայն մարդիկ, ովքեր «Արարատ-Արմենիան» դիտում են պարզապես որպես աշխատանք ՝ որոշ ֆուտբոլիստներից մինչև ղեկավարություն դավաճանելով սև ու սպիտակ գույները և դրանց համար կռվելու որևէ ցանկությունը։
«ԱԼՖԱ»ն ստեղծված ողբերգական վիճակի գլխավոր մեղավոր և պատասխանատու է համարում թիմի ղեկավարությանը, ովքեր արդեն շուրջ 3 տարի է, ինչ կեղծ և փուչ խոստումներով փորձում են քողարկել թիմի ձախողումները։ «ԱԼՖԱ»ն բազմաթիվ անգամներ հանդիպել է թիմի տնօրինությանը և ներկայացրել իր դժգոհությունը բոլոր վերոնշյալ խնդիրների շուրջ, և միակ բանը, որ ստացել է ի պատասխան, եղել են խոստումներ լուսավոր ապագայի, չեմպիոնության և եվրագավաթների մասին, մինչդեռ փաստերով խոսելիս ունենք հետևյալը ՝ 3 մրցաշրջան, 0 չեմպիոնություն, 0 գավաթ։
«ԱԼՖԱ»ն ժամ առաջ պահանջում է թիմի տնօրինական կազմում արմատական փոփոխություններ, որոնց էլ պետք է հաջորդեն ակումբի բոլոր մակարդակներում նոր նշանակումներ՝ ղեկավարությունից ընդհուպ մինչև մամուլի ծառայություն։
Ոչ ոք այս ակումբում հավերժ չէ, և եթե մարդիկ տանում են ակումբը կործանման՝ «ԱԼՖԱ»ն ջանք չի խնայի այդ մարդկանց ակումբում այլևս չտեսնելու համար։
Վերջին 3 խաղերին արդեն սկսելով այս գործընթացը ՝ «ԱԼՖԱ»-ն հայտարարում է բոյկոտ և անժամանակ հեռանում մարզադաշտից։ Մեր բողոքը լինելու է լսելի, և ոչ մի խոստում մեզ այլևս չի լռեցնի»,-ասված է ակումբի հայտարարությունում։