Սերբ հայտնի մարզիչ Սաշա Գրուիչը երկօրյա մարզչական սեմինար է անցկացրել Երևանում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Սեմինարի ընթացքում Գրուիչն անցկացրել է տեսական և գործնական պարապմունքներ։ Նպատակը մարզիչների հետ փորձի փոխանակումն էր, ինչպես նաև մանկապատանեկան բասկետբոլի մարզումային առանձնահատկություններին ծանոթացնելը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող հայ մարզիչների որակավորումը:
Նա մասնավորապես աշխատել է մարզիչների հետ՝ 10-14 տարեկան խաղացողների հմտությունները զարգացնելու ուղղությամբ: Գործնական պարապմունքների ընթացքում սերբ մարզիչը ցուցադրել է նաև պաշտպանության և հարձակման տեխնիկաներ:
Նշենք, որ Սաշա Գրուիչը ՖԻԲԱ-ի կողմից արտոնագրված մարզիչ է, ինչպես նաև սպորտի վարպետ: Նա աշխատել է Ռուսաստանի տղամարդկանց հավաքականում ՝ որպես մարզչի օգնական, ինչպես նաև գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն։
Սեմինարի ավարտին մարզիչները շնորհակալություն են հայտնել հյուրին պրոֆեսիոնալ աշխատանքի համար և նշել, որ Գրուիչի այցը չափազանց օգտակար էր իրենց համար։