Երեկ հայտնի էր դարձել, որ Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանը չի գլխավորի «Տոտենհեմը»։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, անգլիական ակումբը չի հանդիպել գերմանացի մասնագետի հետ՝ համագործակցությունը քննարկելու համար, իսկ մարզչի հետ հետագա հանդիպումներ չեն սպասվում։ «Տոտենհեմի» ղեկավարությունը հարգում է մարզչին, բայց նա ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն չէ։
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը հիացած է «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյով և հետաքրքրություն է ցուցաբերում նրա նշանակման հարցում։ Իսպանացի մարզիչը համարվում է այդ պաշտոնի գլխավոր թեկնածուն։
Նագելսմանը մարտի 24-ին հեռացվեց Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ երկու օր անց «Տոտենհեմը» և թիմի մարզիչ Անտոնիո Կոնտեն երկկողմանի համաձայնությամբ խզեցին պայմանագիրը։ Ռայան Մեյսոնը թիմը գլխավորում է մինչև այս մրցաշրջանի ավարտը, սակայն ակումբն արդեն նոր գլխավոր մարզիչ է փնտրում։ Թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է։
























































