«ՌԲ Լայպցիգը» հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի` «Բայերի» հետ խաղում (1:1) ճապոնացի երկրպագուների հետ կապված սկանդալի վերաբերյալ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ անվտանգության ծառայության աշխատակիցները մի խումբ ճապոնացի երկրպագուների խնդրել են լքել մարզադաշտը խաղի մեկնարկից 10 րոպե անց` կորոնավիրուսի վարակման վտանգի պատճառով:
«Կանոնակարգի համաձայն, անվտանգության ծառայությունը պետք է ստուգի պոտենցիալ ռիսկ պարունակող երկրների մարդկանց: Ցավոք, այս դեպքում մեծ անորոշության պատճառով մենք սխալ թույլ տվեցինք: Մենք ցանկանում ենք ներողություն խնդրել ու շտկել իրավիճակը հաջորդ խաղում: Արդեն իսկ փորձում ենք կապ հաստատել մեր ճապոնացի հյուրերի հետ ու նրանց հրավիրել մեր հաջորդ խաղին:
Կշարունակենք ինտենսիվ ու ամենօրյա կարգով վերահսկել մեր գործողություններն իշխանությունների հետ, որպեսզի լուծենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրներն ու կփորձենք լավագույն տարբերակը գտնել բոլոր կողմերի համար»,- ասվում է գերմանական ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` COVID-19-ն առաջին անգամ հայտնաբերել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանում: Այդ պահից ի վեր վիրուսն աշխարհի ավելի քան 50 երկրում է տարածվել: Գրանցվել է վարակման մոտ 90 հազար դեպք, նրանցից 3000-ը մահացել են: