Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում:
63,5 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում Բաչկովը մրցել է Սերբիան ներկայացնող Ալեքսեյ Սենդրիկի հետ և առավելության հասնելով բոլոր 3 ռաունդներով՝ հաղթանակ տարել ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մայիսի 6-ին կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Կահան Չանլիի հետ:
Այսօր ավելի վաղ ռինգ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչները՝ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը պարտվել են մեկնարկում: Գարբոյանը զիջել է Թայբեյի ներկայացուցչին՝ 1-4 հաշվով, իսկ Հարությունյանը մրցավարների անհասկանալի որոշմամբ զիջել է կուբացի Կլարո Ֆիզին: Առաջին ռաունդում նա նոկդաունի է ենթարկել մրցակցին, բայց հաղթանակը տրվել է կուբացուն, իսկ երկրորդ ռաունդում կուբացու վնասվածքի պատճառով մենամարտը դադարեցվել է, իսկ հաղթանակը շնորհվել է մրցակցին:
Այսօր ռինգ դուրս կգա նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: