Երևանում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Այսօր՝ մայիսի 3-ին, կկայանան եզրափակիչ մենամարտերը, որտեղ Հայաստանը երեք ներկայացուցիչ ունի՝ Գոռ Ազիզյանը, Աղվան Ալեքսանյանը և Դավիթ Սիմոնյանը:
57 կգ քաշային Գոռ Ազիզյանը եզրափակչում ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչ Կոնստանտին Կոստովի հետ, 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը ոսկե մեդալի համար կմենամարտի Մոնտենեգրոյի ներկայացուցիչ Միրկո Սարցևիչի հետ, իսկ 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանի մրցակիցը կլինի իտալացի Ջոնաթան Պիսանոն:
Մենամարտերի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի յութուբի պաշտոնական ալիքում՝ ժամը 16:30-ից սկսած:
Երևանում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալներն ավելի վաղ նվաճել էին Հայաստանի տղամարդկանց հավաքականի 9 անդամներ՝ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Աղջիկների թիմից էլ մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը: