Երևանի «Միկա» մարզահամալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանիս Ֆիլիպատոսը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ, հյուրեր:
Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30 երկրի ավելի քան 250 ներկայացուցիչներ են մասնակցում՝ այդ թվում Ռուսաստանի և Բելառուսի:
Նախքան պաշտոնական արարողության մեկնարկը՝ մասնակից երկրների մարզիկները դրոշներով շքերթ են անցկացրել: Այնուհետև կայացել է նաև մարզիկների երդման արարողությունը, որին Հայաստանի հավաքականից մասնակցել է բազմակի մրցանակակիր Արթուր Մկրտչյանը:
Նշենք՝ Հայաստանի երիտասարդների հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Եվրոպայի երիտասարդների առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հովհաննես Հարությունյան (48 կգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80), Դավիթ Սիմոնյան (86), Իշխան Հովսեփյան (92 կգ) և Ալբերտ Հարությունյան (92+ կգ):
Երիտասարդների ԵԱ-ի մրցումները կանցկացվեն «Միկա» մարզահամալիրում և կտևեն մինչև մայիսի 2-ը: Մուտքն ազատ է: