Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ, Եվրոպայի ֆեդերացիայի մարքեթինգային բաժնի ղեկավար Դավիթ Խիպսիձեն Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունը լավագույններից է համարում:
«Իմ կարծիքով, սա ամենաշքեղ ու անկրկնելի առաջնությունն էր՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ: Վստահաբար, կարող եմ ասել, որ մենք այստեղ ինչ-որ հրաշք իրագործեցինք: Բացի այն հրաշքից, որ մեզ պարգևում էին մարզիկները, հրաշքի էր նման նաև այն աշխատանքը, որը կատարեցին կազմակերպիչները: Յուրաքանչյուր պահը վայելել ենք: Ինձ համար մեծ պատիվ էր կազմակերպչական աշխատանքների մասնակիցը դառնալ: Շնորհակալ եմ Հայաստանին՝ այս մեծ իրադարձության համար և մեզ դրա մասը դարձնելու համար:
Կարծում եմ՝ այս պահի դրությամբ Հայաստանը՝ Երևանը, 2024 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու լավագույն թեկնածուն է: Իմ հնարավորությունների սահմաններում կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»,- ArmSport-ի հետ զրույցում նշել է վրացի մասնագետը:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել: Հայ ծանրորդները երկրամարտում ընդհանուր առմամբ 13 մեդալ են նվաճել՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե: