Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Զագրեբում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին:
«Եվրոպայի առաջնությանը պատրաստվել էի, եկել էի այստեղ՝ ոսկե մեդալ նվաճելու։ Իմ մարզիչների, բոլորի շնորհիվ կարողացա ոսկե մեդալ նվաճել և դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
77 կգ քաշային կարգն ուժեղագույն քաշային կարգերից մեկն է, որտեղ չես կարող կանխատեսել, թե ով կհաղթի։ Փառք Աստծո, հավատացի իմ ուժեին մինչև վերջ, որ կարող եմ հաղթել։ Անբացատրելի զգացողություններ են, չեմ կարող բացատրել։
Այլ գոտեմարտ էի ուզում անցկացնել, բայց իմ ծրագրածը չաշխատեց, ստիպված գնացի այլ հնարքների։ Այդ պահին անբացատրելի ապրումներ էին։ Երբ տեսա, որ մրցավարներն արդեն 4 միավոր են տվել ինձ, շատ ուրախացա։ Չեմ կարող բացատրել այդ պահին ինչ զգացի, պարզապես ուզում էի հաղթել։
Մեծ պատիվ է, որ բարձրացնում են Հայաստանի և եզդի ազգի պատիվը, դրոշը։ Ամեն ինչ կանեմ, որ ԱԱ-ում ոսկե մեդալ նվաճեմ, իսկ հետո կպատրաստվենք Օլիմպիական խաղերին», – ասել է Ամոյանը UWW-ի մամուլի ծառայությանը։