Ավստրիան ներկայացնող հայազգի ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: 37-ամյա ծանրորդը խոստովանում է՝ հայրենիքում հանդես գալը մեծ պատասխանատվություն է.
«Իմ յուրաքանչյուր մոտեցումն եմ վայելում, բայց Հայաստանում բեմահարթակ դուրս գալիս բազմաթից էմոցիաներ ունեցա: Գիտես, որ բարեկամներդ, ընկերներդ, հայրենակիցներդ տրիբունայում են. գործդ ավելի է բարդանում, պատասխանատվությունը մեծանում է: Մտածում էի՝ եթե հիմա չկարողանամ, այդքան մարդու աչքերի մեջ ինչպե՞ս եմ նայելու: Ուրախ եմ, որ պատվով կատարեցի իմ առջև դրված խնդիրը: Սա ծանրամարտի տոն է, որը ես վայելում եմ»,- նշում է Սարգիս Մարտիրոսյանը:
Հայ ծանրորդն անդրադարձել է նաև իր վնասվածքին, որին պատճառով չկարողացավ կատարել պոկում վարժության երրորդ մոտեցումը.
«Մրցումից առաջ էլ վնասվածք ունեի ու դա իրեն զգացնել տվեց. 175 կգ կշռող ծանրաձողը ռիսկ չարեցի տեղից պոկել, չնայած որ ցանկանում էի: Չգիտեի՝ այդ դեպքում հետս ինչ կլիներ: Հրում վարժության առաջին մոտեցման համար նվազագույն քաշ պատվիրեցի, որպեսզի երկամարտում էլ որևէ տեղ կարողանամ գրավել: Փորձեցի հնարավորություններիս սահմանում լավագույնը կատարել»: