Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ամփոփել է Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Նազիկն ընդգրկված է ԵԱ-ի մրցավարների թիմում.
«Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակների կապակցությամբ: Սա իսկապես բոլորիս հաղթանակն է: Հռիփիսմե Խուրշուդյանի ելույթից հետո էմոցիաներն այնքան բուռն էին. Հռիփսիմեն տարիքով արդեն բավականին մեծ է՝ սպորտի համար, մրցում էր ավելի երիտասարդ մարզիկների հետ, որոնց ուժն ու ոգին դեռ տեղում էր:
Շատ ուրախ եմ Հռիփսիմեի համար. նրա այս բրոնզե մեդալն ինձ համար ոսկուց շատ ավելի արժեքավոր է: Այն ճանապարհը, որն ինքն է անցել, այն ցավերի ու դժվարությունների միջով, որ ինքն է անցել ու հասել այստեղ, պարզապես անհավանական է. բրավո, ես շնորհավորում եմ իրեն, հաղթական ելույթ էր: Մեր տղաների մասին էլ խոսքեր չկան: Ես հիացած եմ յուրաքանչյուրով: Հուսով եմ և համոզված, որ սա կօգնի մեր երեխաների մուտքը ծանրամարտ ապահովելու համար: Որքան հասկանում ենք՝ ծանրամարտը մեր սպորտաձևն ու մենք դեռ կկարողանանք նորանոր հաջողություններ կերտել ծանրամարտում»,- ասել է Նազիկ Ավդալյանը:
Անդրադառնալով իր նոր կարգավիճակին՝ Ավդալյանը հույս է հայտնել, որ կշարունակի մրցավարական կարիերան և խոսել նաև նոր աշխատանքի դժվարությունների մասին.
«Իհարկե, մրցահարթակը կանչում էր: Յուրաքանչյուրի մոտեցման հետ վերապրում էի ու մտածում, որ հանկարծ որևէ խնդիր չլինի: Այդ կարմիր կոճակը սեղմելն ինձ համար շատ դժվար էր ու սթրեսային, քանի որ լիովին հասկանում էի մարզիկներին: Հիշում էի իմ մոտեցումները: Իրականում, շատ լարված էի ու յուրաքանչյուր մրցումից առաջ շատ էի անհանգստանում, որ որևէ անախորժ դեպքեր չլինեն՝ հատկապես մեր մարզիկների ելույթներից առաջ»:
Նազիկ Ավդալյանը նաև խոսել է Երևանում ավարտին մոտեցող առաջնության կազմակերպվածության մասին.
«Շատ մրցումների եմ մասնակցել բազմաթիվ առաջատար երկրներում. որևէ բանով չզիջեցինք այդ երկրներին: Ընդհակառակը, այստեղ ես նկատեցի մանրուքներ, որոնք միևնույն ժամանակ կարևոր են ու ես շատ երկրներում ես չեմ տեսել: Թե՛ հյուրընկալության ,թե՛ ընդունելության և թե՛ պայմանների առումով ես հաճելիորեն զարմացած եմ»,- եզրափակել է Նազիկ Ավդալյանը: