Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան նաև 109 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Սամվել Գասպարյանը, իսկ Պետրոս Պետրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Պետրոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 160 կգ-անոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ Հայաստանի ներկայացուցիչը չկարողացավ բարձրացնել 165 կգ-ը, սակայն հաջորդ մոտեցմամբ հաջողեց նույն քաշը:
Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ-անոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 173 կգ-ը: Այս վարժությունում Գասպարյանի հետ ոսկե մեդալի համար պայքարում էր Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը, որը երրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 175 կգ-ն ու 173 կգ արդյունքով դարձավ փոքր ոսկե բրոնզե մեդալակիր: Նույն քաշը վերջին մոտեցմամբ բարձրացրեց Սամվել Գասպարյանն ու նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Պետրոս Պետրոսյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 210 կգ-ը, երկրորդ մոտեցմամբ Պետրոսյանը գլխավերևում պահեց 214 կգ-անոց ծանարձողը, իսկ երրորդ մոտեցմամբ 217 կգ-ն ու այս վարժությունում գրավեց 2-րդ, իսկ երկամարտում 3-րդ տեղը:
Սամվել Գասպարյանն առաջին մոտեցմամբ շատ վստահ բարձրացրեց 211 կգ-անոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ Գասպարյանը գլխավերևում պահեց 220 կգ-անոց ծանարձողն ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գասպարյանը հրաժարվեց 3-րդ մոտեցումից ու երկամարտի 395 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Այսպիսով, Հայաստանը երկամարտում արդեն նվաճել է 10 մեդալ: