Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որն այսօր՝ ապրիլի 14-ին, իր 5-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում, հայտնել է, որ մտադիր է մասնակցել Տաշքենդում մայիսին կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս մասին Բաչկովը հայտնել է IBA-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
«Սիրողական բռնցքամարտը պրոֆեսիոնալի հետ համատեղելը բարդ է: Ես ներդնում եմ բոլոր ջանքերը, որպեսզի հաջողության հասնենք: Ապրիլի 14-ին պետք է խուսափեմ վնասվածքներից, որպեսզի հանդես գամ աշխարհի առաջնությունում»,- ասել է նա:
Բաչկովը մասնակցել է աշխարհի 2017, 2019 և 2021 թվականների առաջնություններին՝ ամեն անգամ դառնալով բրոնզե մեդալակիր:
«Ես պետք է գոնե մեկ անգամ դառնամ աշխարհի չեմպիոն: Յուրաքանչյուր առաջնությունից հետո ես ինձ ասում էի՝ սա վերջինն է: Այդուհանդերձ, աշխարհի չեմպիոն դառնալու իմ երազանքն ինձ ստիպում էր վերադառնալ»,- եզրափակել է Հովհաննես Բաչկովը:
Հիշեցնենք՝ Բաչկովն ապրիլի 14-ին Մեծ Բրիտանիայում իր 5-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: Բաչկովը նախորդ բոլոր 4 մենամարտերն ավարտել է հաղթանակով: Առաջիկա մենամարտին Բաչկովը նախապատրաստվում է ԱՄՆ-ում: