Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 54 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի գործով Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը: Ըստ որոշման՝ Սահակյանը որակազրկվել է 3 տարով:
«Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում և հիմք ընդունելով Համաշխարահին Հակադոպինգային Օրենսգրքի դրույթները` չեղյալ համարել ՀՀ Բռնցքամարտի Ազգային Առաջնություն ժամանակ Սահակյան Հենրիկի ցույց տված արդյունքները ներառյալ ցանկացած մեդալի, միավորների և մրցանակների զրկում այն իրադարձության ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում, համաձայն Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի Հոդված 10.11-ի։
Սահակյան Հենրիկին որակազրկել երեք (3) տարի ժամկետով ՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ որակազրկման ժամանակահատվածում Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի 10.12-րդ հոդվածի համաձայն, Հենրիկ Սահակյանին չի թույլատրվում որևէ կարգավիճակով մասնակցել մրցումների, ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների կամ այլ մարզական գործունեության (բացառությամբ հակադոպինգային կրթական կամ վերականգնողական ծրագրերի), որը կազմակերպվում է ազգային կամ միջազգային ֆեդերացիաների կողմից:
«Հիմնվելով 2021թ.-ի Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի և Հայաստանի ազգային հակադոպինգային կանոնների պահանջների հիման վրա ընդունված որոշումները կարող են բողոքարկվել համաձայն 13.2-ից 13.7-րդ հոդվածների կամ ինչպես այլ կերպ նախատեսված է Օրենսգրքում կամ Միջազգային ստանդարտներում: Նման որոշումները ուժի մեջ կմնան բողոքարկման ընթացքում, եթե վերաքննիչ մարմինն այլ բան կարգադրի: Սույն որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սահակյանի մարզիչ, ԵՕՀՊՄ քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանն Վերնիսաժի տարածքում հացադուլ էր սկսել՝ ի նշան բողոքի:
Հենոն խմել է միայն այն վիտամինները, որը տվել է հավաքականը. Սամվել Պողոսյան
ՀԲՖ-ն պարզաբանել է՝ ինչու Հենրիկ Սահակյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում