Չեմպիոնների լիգայի 2022/23 թթ․ մրցաշրջանը լի է ինտրիգներով, հետաքրքիր և հակասական արդյունքներով։ Պայքարի մեջ մնացած 8 թիմերից յուրաքանչյուրը ինչ-որ փուլում տպավորել է իր խաղով։ Նույնիսկ ամենահամեստ «Բենֆիկան» փայլել է իր վառ խաղով։ Armsport-ն անդրադարձել է եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչում սպասվող դիմակայություններին։
Վիճակահանությունն ու խաղացանկը
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը՝
«Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Ինտեր» (Իտալիա)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Բավարիա» (Գերմանիա)
«Միլան» (Իտալիա) — «Նապոլի» (Իտալիա)
«Ռեալ» (Իսպանիա) — «Չելսի» (Անգլիա)

Խաղացանկը
Ապրիլի 11-ին և 12-ին կկայանան առաջին հանդիպումները։
«Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Ինտեր» (Իտալիա), ապրիլի 11, 23։00
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Բավարիա» (Գերմանիա), ապրիլի 11, 23։00
«Միլան» (Իտալիա) — «Նապոլի» (Իտալիա), ապրիլի 12, 23։00
«Ռեալ» (Իսպանիա) — «Չելսի» (Անգլիա), ապրիլի 12, 23։00
Անդրադառնանք յուրաքանչյուր զույգին առանձին․
«Բենֆիկա» — «Ինտեր»․ կիսաեզրափակի՞չ, թե պաշտոնանկություն

Նախորդ շաբաթվա անհաջողակները։ «Բենֆիկան» թեև Պորտուգալիայի առաջնության առաջատարն է, բայց անփառունակ հանդիպում անցկացրեց 2-րդ տեղում գտնվող «Պորտուի» հետ։ Անգամ հաշվի մեջ առաջ լինելով, «Բենֆիկայի» ֆուտբոլիստները բաց թողեցին հաղթանակը։ «Պորտուն» կամային որակներ դրսևորեց և հասավ հաղթանակի։ Կարելի է ասել, որ խաղի արդյունքն ու ընթացքը տրամաբանական են։ «Բենֆիկան» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ՉԼ-ում կարևոր հանդիպում ունի «Ինտերի» հետ, և բնական է, որ ֆուտբոլիստները կարող էին խնայել ուժերը։ Այո, ինչ-որ առումով այս պնդումը կարող է ճշմարիտ լինել, սակայն ոչ մի թիմ չի ցանկանում կարևոր հանդիպմանը մոտենալ պարտության ֆոնին։ Ինչևէ, Ռոջեր Շմիդտի գլխավորած թիմը տպավորիչ մրցաշրջան է անցկացնում։ Պորտուգալիայի առաջնության գլխավոր ռմբարկուների ցուցակում թիմը 2 ներկայացուցիչ ունի։ Ժոաու Մարիուն և Գոնսալու Ռամուշը 17-ական գոլով կիսում են առաջին հորիզոնականը։
«Բենֆիկան» ՉԼ-ի խմբային փուլում 2 անգամ 1։1 հաշվով ոչ-ոքի է խաղացել ՊՍԺ-ի հետ, 2-ական անգամ հաղթել «Յուվենտուսին» և «Մաքաբիին», իսկ իսրայելական թիմի հետ վերջին տուրի խաղում 6։1 հաշվով հաղթանակն ապահովել է պորտուգալական թիմի համար առաջին հորիզոնականը խմբում։ ՊՍԺ-ն և «Բենֆիկան» վաստակել են 14-ական միավոր, սական լրացուցիչ ցուցանիշով առաջին տեղ է բարձրացել հենց Պորտուգալիան ներկայացնող թիմը։
«Ինտերը», մեղմ ասած, աննախանձելի վիճակում է։ Թիմն ուղիղ մեկ ամիս է, ինչ հաղթանակ չի տարել․ 3 ոչ-ոքի, 3 պարտություն։ 6 խաղից 3-ում թիմը գոլ չի խփել, իսկ 5-ում չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։
Իտալական Ա Սերիայի նախորդ տուրում «Ինտերը» 5-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ «Սալերնիտանայի» հետ խաղում։ Մինչև 90-րդ րոպեն միլանյան թիմը 25 հարված կատարեց դեպի դարպասը՝ 11-ը դարպասին։ Մի քանի անգամ ֆանտաստիկ սեյվ կատարեց տանտերերի դարպասապահ Գիլյերմո Օչոան։ Մի քանի անգամ «Սալերնիտանային» փրկեց դարպասաձողը։ Եվ 90-րդ րոպեին Անտոնիո Կանդրևայի գոլի շնորհիվ «Սալերնիտանան» ոչ-ոքի կորզեց։
«Ինտերն» աննախանձելի վիճակում է։ Չեմ բացառում, որ այս խաղում պարտությունը կարող է հանգեցնել Սիմոնե Ինձագիի պաշտոնանկությանը։ Միևնույնն է, ավելի վատ չի կարող լինել։ Տարբեր մասնագետների վերաբերյալ տեղեկություններ կան, բայց այս պահին իմաստ չունի քննարկել, թե ով կարող է փոխարինել Ինձագիին։

Բնականաբար, չենք կարող չանդրադառնալ Հենրիխ Մխիթարյանին։ Նա լիովին դարձել է «Ինտերի» հիմնական կազմի խաղացող։ Անգամ Բրոզովիչի նման ֆուտբոլիստը վնասվածքից վերադառնալուց հետո կորցրեց տեղը մեկնարկային կազմում։ Հիմա խնդիրներ ունի Չալհանողլուն։ Թուրք ֆուտբոլիստը բաց է թողել թիմի վերջին 3 հանդիպումները։
«Ինտերը» հյուրընկալվելիս փորձելու է հնարավորինս կենտրոնացված գործել պաշտպանությունում։ «Բենֆիկան» էլ լավ հասկանում է, որ տնային խաղում հաղթելը պարտադիր է։ Դե իսկ ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալը «Բենֆիկայի» համար ֆանտաստիկ արդյունք կլինի։
«Մանչեսթեր Սիթի» — «Բավարիա»․ հին ընկերների հանդիպումը

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան 3 տարի աշխատել է «Բավարիայում»։ 3 անգամ թիմին դուրս է բերել ՉԼ-ի կիսաեզրափակիչ, բայց եզրափակիչ այդպես էլ չի հասել։ Եվ երբ 2021 թվականին Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ եզրափակիչ, թվում էր, թե եկել է ժամանակը, երբ կատալոնացի մասնագետը 10 տարվա ընդմիջումից հետո նորից կնվաճի ՉԼ-ի գավաթը, բայց․․․ նրա ճանապարհին կանգնեց «Չելսին», որը գլխավորում էր Թոմաս Տուխելը։ Մասնագետ, որը բոլորովին վերջերս ստանձնել է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ճակատագրի հեգնա՞նք։ Մի՞թե Տուխելը նորից ձեռնունայն կթողնի Գվարդիոլային։
«Մանչեսթեր Սիթին» աննկարագրելի խաղ է ցուցադրում։ Հաղթանակներ, գոլեր, ռեկորդներ։ Փայլում է թիմի ռմբարկու Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացին այս մրցաշրջանում արդեն տխրեցրել է գերմանական մի թիմի՝ «Լայպցիգին», պենտատրիկի հեղինակ դառնալով։ Կհաջողվի՞ Հոլանդին աչքի ընկնել գերմանական ավելի հզոր ակումբի հետ խաղում։

Իսկ ահա «Բավարիայում» իրավիճակը շփոթեցնող է։ Յուլիան Նագելսմանի պաշտոնանկությունից հետո թիմը Տուխելի գլխավորությամբ 3 հանդիպում է հասցրել անցկացնել։ 3-ն էլ տարբեր սցենարներով են անցել։
Նախ՝ մյունխենյան ակումբը գոլառատ խաղում հաղթել է Դորտմունդի «Բորուսիային» ու վերադարձել Բունդեսլիգայի առաջին հորիզոնական, իսկ հետո գավաթային խաղում վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով պարտվել «Ֆրայբուրգին»։ Այս թիմի հետ արդեն առաջնությունում կայացած խաղում «Բավարիան» հաղթել է ընդամենը 1։0 հաշվով։
Թիմերը կադրային լուրջ խնդիրներ չունեն։ Բնականաբար, ֆավորիտ է համարվում «Մանչեսթեր Սիթին»։ Անգլիական գրանդը լավ մարզավիճակում է, մարզիչը երկար տարիներ աշխատում է թիմի հետ, իսկ «Բավարիան» խաղային խնդիրներ ունի, նոր մարզիչ, մեծ ճնշում․․․
Այստեղ ևս նույն սպասումներն են․ «Մանչեսթեր Սիթին» պետք է տնային խաղում հաղթի և դա անի հնարավորինս շատ գոլեր խփելով, որովհետև նույնիսկ վատ մարզավիճակում գտնվող «Բավարիան» պատասխան խաղում սեփական երկրպագուների աչքի առաջ խաղալու է մինչև վերջ։
Տուխելը մեկ անգամ կարողացել է կանգնեցնել Գվարդիոլային։ Երկու մարզիչներն էլ, անկասկած, վերհիշելու են այդ խաղը։
«Միլան» — «Նապոլի»․ իտալական կրքեր

Գուցե զարմանալի թվա, բայց «Նապոլիում» գոհ են վիճակահանության արդյունքներից։ Ակումբի նախագահը դժգոհել էր, որ Չեմպիոնների լիգայի իմաստն այն է, որպեսզի թիմերը մրցեն այլ երկրի ներկայացուցիչների հետ։ Բայց, ստացվել է այնպես, որ քառորդ եզրափակիչում «Նապոլիին» իտալական թիմ է բաժին հասել։ Հատկանշանական է նաև այն, որ այս թիմերն ապրիլի 2-ին մրցել են միմյանց դեմ Ա Սերիայում և առաջիկա 2 շաբաթում ևս 2 հանդիպում են անցկացնելու։
Վերոնշյալ խաղն իսկական մղձավանջ էր «Նապոլիի» համար։ Ա Սերիայի բացարձակ առաջատարը խաղակեսերից յուրաքանչյուրում 2-ական գոլ բաց թողեց և ջախջախիչ պարտություն կրեց` 0։4 հաշվով։ Արդարության համար պետք է նշել, որ ինչպես այդ, այնպես էլ նախորդ տուրի` «Լեչեի» հետ հանդիպումը բաց է թողել թիմի գլխավոր ռմբարկու Վիկտոր Օսիմհենը։ Սպասվում է, որ նիգերիացին կհասցնի ապաքինվել վնասվածքից և պատրաստ կլինի «Միլանի» հետ ՉԼ-ի քառորդ եզրափակիչի առաջին խաղին։

«Միլանի» մասին խոսելիս կայունություն բառը որևէ կերպ օգտագործել չի ստացվում։ 4։0 հաշվով առաջատարին հաղթելուց հետո թիմը սեփական հարկի տակ 0։0 հաշվով ոչ-ոքի է խաղում համեստ «Էմպոլիի» հետ։ Եվ այստեղ չի կարելի ասել, որ միլանցիները մտածում էին ՉԼ-ի մասին, քանի որ Ա Սերիայում լավագույն քառյակում հայտնվելու համար թեժ պայքար է ընթանում։ 29 տուրից հետո «Միլանը» դեռ 4-րդ տեղում է, բայց թիմին հետապնդում են «Ինտերը», «Ատալանտան» և անգամ «Յուվենտուսը»։ Հռոմեական 2 թիմերն էլ արդեն շրջանցել են «Միլանին»։
Լուչանո Սպալետին փայլուն աշխատանք է կատարում «Նապոլիում»։ Օսիմհենից բացի ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում թիմի նորեկ, վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան։ Սակայն նույն «Միլանի» հետ խաղը ցույց տվեց, որ «Նապոլին» այդքան էլ անխոցելի չէ, ինչպես թվում էր։
Չեմպիոնների լիգայում ավելի շատ տակտիկական պայքար կլինի՝ հատկապես առաջին խաղում։
«Ռեալ» — «Չելսի»․ խեղճ Լեմպարդ

Տանը կամ գրասենյակում, փափուկ բազկաթոռին նստած շատ հեշտ է քննադատել ու մեղադրել Ֆրենկ Լեմպարդին` երկրորդ անգամ նույն գետը մտնելու և նորից «Չելսին» գլխավորելու համար՝ այն էլ մրցաշրջանի այս հատվածում, այն էլ ոչ լիաժեք պայմանագրով։ Այո, Լեմպարդը լեգենդար ֆուտբոլիստ է եղել, բայց ինչպես բազմիցս համոզվել ենք, լավ ֆուտբոլիստ լինելը հաջող մարզիչ դառնալու երաշխիք չէ։
Տեղափոխվենք բազկաթոռից փայտյա աթոռին և պարզապես նայենք վիճակագրությանը։
44-ամյա Լեմպարդը մարզչական կարիերայի ընթացքում 3 թիմ է գլխավորել։ Կա մի հետաքրքիր վիճակագրություն, որը շատ լավ նկարագրում է անգլիացի մասնագետի գրանցած արդյունքները` որպես մարզիչ․
Լեմպարդը գլխավորել է «Դերբի Քաունթին», երբ թիմը 5-րդ տեղում էր, իսկ հեռացել է, երբ թիմը 6-րդն էր։
Լեմպարդը գլխավորել է «Չելսին», երբ թիմը 3-րդ տեղում էր, իսկ հեռացել է, երբ թիմը 4-րդն էր։
Լեմպարդը գլխավորել է «Էվերթոնը», երբ թիմը 16-րդ տեղում էր, իսկ հեռացել է, երբ թիմը 19-րդն էր։
«Չելսիի» ղեկավարության քայլերի, տրանսֆերային ծախսերի և մարզչական նշանակումների մասին հերթական անգամ խոսելու կարիք չկա։ Լեմպարդը վերադարձել է «Չելսի» և արդեն առաջին խաղում պարտվել «Վուլվերհեմփթոնին»։ Միակ դրական տեղաշարժը կարելի է համարել այն, որ Լեմպարդը փոխել է խաղային սխեման՝ հրաժարվելով Փոթերի կիրառած 3 կենտրոնական պաշտպանով սխեմայից։ Բայց, ինչպես տեսանք, նույնիսկ դա չօգնեց «Չելսիին»։
Այո, Լեմպարդը 8 երիտասարդ խաղացողների հնարավորություն է տվել նորամուտը նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Սակայն նրանցից շատերը վարձակալական հիմունքներով տարբեր թիմերում են խաղում, իսկ հիմնական կազմում են միայն Ռիս Ջեյմսն ու Մեյսոն Մաունթը։

Մադրիդի «Ռեալի» վերաբերյալ՝ հատկապես Չեմպիոնների լիգայում, խոսել մարզավիճակից, տրամադրվածությունից, միամտություն է։ «Արքայական» ակումբը բազմիցս ապացուցել է, որ անհնարին բառն այս թիմի համար անծանոթ է։ Եթե անկեղծ, չեմ էլ ուզում հիշել «Ռեալի» քամբեքները, դա կարող են անել ակումբի երկրպագուները՝ մեկնաբանություններում։

Եվ անգամ նախորդ տուրում սեփական հարկի տակ «Վիլյառեալից» կրած պարտությունը որևէ աղերս չի կարող ունենալ առաջիկա խաղի հետ։
Միակ բանը, որը կարող է խանգարել «Ռեալին», դա մրցակցին թերագնահատելն է, սակայն հաշվի առնելով թե՛ ֆուտբոլիստների, թե՛ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի փորձը, նման բան դժվար թե լինի։
Լեմպարդին «Ռեալի» հետ դիմակայությունում կօգնի միայն «թուղթ ու գիրը»։
Եվ վերջում, հերթական անգամ կարող ենք փաստել, որ Չեմպիոնների լիգան իր ձևաչափով չի սպառել իրեն, չնայած, որ շատերն այս մտքի հետ համաձայն չեն։ Փաստերը խոսում են այն մասին, որ գրեթե յուրաքանչյուր տարի բոլոր փուլերում խոշոր անակնկալներ են լինում։ Իսկ դա վկայում է մրցաշարի անկանխատեսելիության մասին։ Նույնն էլ հիմա կարող է լինել։ Նշված 4 զույգերում երևի թե միայն «Ռեալ» — «Չելսի» դիմակայությունում բացահայտ ֆավորիտ կա, բայց նույնիսկ այստեղ, տեսականորեն, կարող է անակնկալ լինել։ Առաջին հանդիպումներից հետո էլ ինտրիգն ավելի կմեծանա, երբ որևէ թիմի անհրաժեշտ կլինի քամբեք իրականացնել։
Հուսանք, որ այս անգամ ևս երեքշաբթիներն ու չորեքշաբթիները գոլառատ և հետաքրքիր ֆուտբոլ կպարգևեն։
Միհրան Ալեքսանյան























































