«Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։
Եվրոպական առաջին իսկ մրցաշրջանում 21-ամյա մեքսիկացու արդյունավետ խաղը գրավել է անգլիական մի շարք ակումբների ուշադրությունը։ «Լեսթերը», «Աստոն Վիլան», «Բրենտֆորդը», «Բրայթոնը» և «Քրիսթալ Փելասը» սկսել են հետևել խաղացողին, որպեսզի փորձեն ձեռք բերել նրան արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է 90min-ը:
«Ֆեյենորդը» կարծում է, որ կարող է համոզել խաղացողին մնալ ակումբում առնվազն ևս մեկ մրցաշրջան, սակայն լավ առաջարկը հնարավոր է փոխի ակումբի ղեկավարության որոշումը:
Հարձակվողը «Ֆեյենորդ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը մեքսիկական «Կրուս Ասուլ» ակումբից և պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։ Այս մրցաշրջանում Խիմենեսը բոլոր մրցաշարերում 46 հանդիպում է անցկացրել հոլանդական ակումբի կազմում՝ դառնալով 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































