Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի ընտրանու հետ խաղից հետո հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մեր հավաքականում դարպասապահի դիրքում հավանական նորեկների մասին՝ նշելով, որ իրենց դիտակետում է Բրազիլիայում հանդես եկող 19-ամյա հայ դարպասապահ (չհրապարակելով ֆուտբոլիստի անունը)։
Ամենայն հավանականությամբ, Հայաստանի հավաքականի մարզիչը նկատի ունի հայազգի դարպասապահ Արտուր Լուիս Կոնեղլյանին, ով հանդես է գալիս բրազիլական «Գրեմիո Մ21» ակումբում։
«Բրազիլիայում հանդես է գալիս 19-ամյա երիտասարդ դարպասապահ, որին հետևում ենք: Պարզապես օվկիանոսից այն կողմ հանդես եկող ֆուտբոլիստների հետ կապված որոշակի դժվարություններ կան: Նա կարող է հանդես գալ Բրազիլիայի Մ20 հավաքականում։ Բայց, ամեն դեպքում, պետք է փորձենք ներգրավել այդ դարպասապահին»,- ասել է Պետրակովը:
Կոնեղլյանը ծնվել է 2004 թվականին, նա այս մրցաշրջանում իր թիմի կազմում, ըստ Transfermarkt-ի, բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում։