Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությունում 4 մեդալ նվաճեց՝ հանդես գալով բոլոր 10 քաշային կարգերում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է թիմի ելույթները:
«Ես մաքսիմալիստ եմ: Միշտ ցանկանում եմ, որ իմ սաներն ավելի շատ մեդալներ նվաճեն և հենց ոսկե մեդալներ նվաճեն: Գիտեմ մեր տղաների հնարավորություններն ու գիտեմ, որ կարող էին ավելին անել: Խանգարեցին կա՛մ վնասվածքները, կա՛մ տեխնիկատակտիկական թերությունները, երբեմն էլ՝ նյարդերը տեղի տվեցին»,- ասել է Բաբալարյանն ու անդրադարձել անհատ ըմբիշներին՝

«Կարապետ Մանվելյանն այս տարի վերջնականապես արդարացրեց իրեն: Լիովին բավարարված չեմ նրա ելույթից, քանի որ եզրափակչում պետք է հաղթեր: Ռումինացուն 3-1 հաշվով հաղթելուց հետո մրցավարական օգնություն եղավ ռումինացուն, մենք թուլացանք ու գրեթե հավասար հաշվով կարելի էր հաղթել, եթե ավելի կամային հատկություններ ցուցադրեինք:
Սուրեն Աղաջանյանը, ցավոք, վերջին մարզմանը Ռումինիայում վնասվածք ստացավ: Սուրենից սպասելիքներն ավելի շատ էին:
Սահակ Հովհաննիսյանից ևս սպասելիքները շատ էին, բայց նրա ելույթներից ևս այնքան գոհ չեմ: Տակտիկական սխալ թույլ տվեց ու չկարողացավ գոտեմարտել եզրափակչում:
Աշոտ Խաչատրյանը վնասվածքներից ու վիրահատություններից հետո Հայաստանի առաջնությունում ապացուցեց որ իր ուրույն տեղը պետք է ունենա հավաքականում:
Հայկ Ասատրյանը ևս վնասվածքներից հետո էր մասնակցում:
Ամենավատը հանդես եկավ Աշոտ Կիրակոսյանը: Միակ մարդը, որ որևէ հաղթանակ չի ունեցել, այլ կրել է 1 պարտություն:
Կարեն Խաչատրյանից ավելի մեծ սպասելիքներ ունեինք: Նա ևս վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը: Մեր բոլոր տղաները, որոնք պարտվել են, մրցակիցներին զիջել են վերջին վայրկյաններին: Սա մեզ՝ մարզիչներիս մտածելու տեղ է տալիս, որպեսզի հետագայում աշխատենք տակտիկական հարցերի շուրջ:
Հովհաննես Հարությունյանը վատ հանդես չեկավ:

Հայկ Խլոյանից երկար ժամանակ ավելի մեծ սպասելիքներ ունեինք: Վերջապես նա կարողացավ արդարացնել բոլորիս հույսերը: Կարող էր նաև արծաթե մեդալ նվաճել, բայց նրա պարագայում բրոնզե մեդալը պետք է մեդալների շարանի սկիզբը լինի:
Տղաներն այսօր ապացուցում են, որ ծանր քաշերում էլ կարող ենք հաղթանակներ ունենալ»,- ասել է Արմեն Բաբալարյանը: