«Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերությունը՝ ի դեմս հիմնադիր Տիգրան Հարությունյանի, և «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Գագիկ Սարգսյանի, համագործակցության հուշագիր են կնքել, որի նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները դահուկային մարզաձևերի, սնոուբորդի և ձմեռային տուրիզմի ոլորտներում։
«Նոր խոսք, նոր մշակույթ՝ Հայաստանում դահուկային մարզաձևերի, սնոուբորդի և ձմեռային տուրիզմի զարգացման գործում։ Համագործակցության արդյունքները սպասեցնել չեն տա»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Գագիկ Սարգսյանը:
Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախագծերի շուրջ՝ դահուկային մարզաձևի սիրահարների համար գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ստեղծման, անվտանգության կանոնների տեղեկացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման գործում:
Կողմերը կմիավորեն ջանքերը նաև դահուկային մարզաձևերի և սնոուբորդի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների, մարզաձևերի հրահանգիչների պատրաստման և վերապատրաստման համատեղ ծրագրերի, հայ մարզիկների ներգրավվածությամբ դահուկային մարզաձևերի և սնոուբորդի մասսայականացմանն ուղղված արշավների մշակման և իրականացման, Հայաստան՝ համաշխարհային դահուկորդների հյուրընկալման և վերջիններիս մասնակցությամբ թեմատիկ միջոցառումների կազմակերպման ուղղություններով:
Հիշեցնենք՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը Եղիպատրուշ գյուղում նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։