Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 26-ին, հնարավոր է հետաձգվի Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ հետաձգվելու դեպքում հանդիպումը կարող է կայանալ այս տարվա դեկտեմբերի 18-ին Բարսելոնայում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» մերժել են Էլ կլասիկոն Մադրիդում անցկացնելու տարբերակը։ Հաղորդվում է, որ Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացին և Լա լիգայի ղեկավարությունը ցանկանում են խուսափել հոկտեմբերի 26-ին հանդիպման անցկացումից Կատալոնիայի մայրաքաղաքում ընթացող մասսայական անկարգությունների պատճառով։
Նշվում է, որ հանդիպման տեղափոխումը դեկտեմբերի ամիս ձեռնտու է թե՛ «Ռեալին», թե «Բարսելոնային», թեպետ կատալոնացիները կցանկանային խաղն անցկացնել այնպես, ինչպես նշված է օրացույցում։