Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Շալկե-04»-ը սեփական հարկի տակ ընդունել է «ՌԲ Լայպցիգին» ու ջախջախիչ պարտություն կրել: Հյուրերը 5 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը:
«Լայպցիգի» կազմում մեկական անգամ աչքի են ընկել պաշտպաններ Մարցել Հալստենբերգն ու Անխելինյոն, կիսապաշտպաններ Մարսել Զաբիտցերն ու Էմիլ Ֆորսբերգը, ինչպես նաև հարձակվող Տիմո Վերները:
«ՌԲ Լայպցիգի»՝ Գերմանիայի առաջնությունում անպարտելիության շարքը հասավ 4 խաղի: Նախորդ տուրերում Յուլիան Նագելսմանի թիմը ջախջախել է «Վերդերին» (3:0), կիսել է միավորները «Բավարիայի» (0:0) ու Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ (2:2):
«Շալկեն» վերջին 4 խաղում առաջին պարտությունն է կրել:
«Լայպցիգը», վաստակելով 48 միավոր, Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Շալկեն» 36 միավորով 6-րդն է: