Ավարտվեց ԱԱ-ի խմբային փուլի Գերմանիա-Ճապոնիա հանդիպումը։ Գերմանացիները պարտությամբ մեկնարկեցին ԱԱ-ում։
Հանդիպման արդեն 8-րդ րոպեին ճապոնացիները հակագրոհ կազմակերպեցին և Մաեդան գրավեց Նոյերի դարպասը։ Սակայն այդ դրվագում գրանցվեց խաղից դուրս վիճակ։ Հանդիպման 30-րդ րոպեին Ճապոնիայի հավաքականի դարպասապահը խախտեց կանոնները Ռաումի նկատմամբ․ նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Գունդողանը։ Գրեթե ամբողջ հանդիպումն անցավ գերմանական թիմի առավելությամբ, իսկ խաղակեսին ավելացված վերջին րոպեին Հավերցը ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ բայց խաղից դուրս վիճակից։ Իսկ րոպե անց արդեն Մաեդան կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն նրա հարվածը շեղ ստացվեց։ Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում ճապոնացիներն արդեն բոլորվին այլ ֆուտբոլ էին խաղում։ Հանդիպման ավարտից 15 րոպե առաջ Ճապոնիայի հավաքականի կազմում փոխարինման դուրս եկավ Տակումի Մինամինոն և նրա ակտիվ գործողությունների շնորհիվ Ռիտցու Դոանը քիչ անց հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1։ Դոանը ևս փոխարինման էր դուրս եկել քիչ առաջ։
83-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ասանոն գրավեց Նոյերի դարպասը և լուսատախտակին գրանցեց 2-1 հաշիվը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում գերմանացիները չկարողացան ինչ-որ բան անել և Ճապոնիան մատուցում է այս ԱԱ-ի երկրորդ սենսացիան՝ 2-1։