Վաղը Տիրանայում կկայանա Ալբանիա-Հայաստան ընկերական խաղը։ Մեր ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու հետ նախախաղային ասուլիսին այսօր ներկայացել է Վահան Բիչախչյանը։
«Կարող եմ ասել, որ Կոսովոյի դեմ հակագրոհներով խաղալու առաջադրանք չէինք ստացել ու որոշ իրավիճակներում գուցե շատ լավ հսկեցինք գնդակը․ մենք էինք թելադրում, շատ լավ գրոհներ էինք կազմակերպում։ Խաղի սկզբից լավ պահեր ունեինք։ Կարող եմ ասել, որ երկրորդ կեսում ավելի շատ էին հակագրոհներն ու առաջին գոլը հենց դրա արդյունքում խփեցինք։ Այնպես չէր, որ միայն հակագրոհներով խաղալու համար էինք դաշտ դուրս եկել։
Մարզչի կողմից առաջադրանք կար հնարավորության դեպքում դարպասին հարվածելու վերաբերյալ։ Ընթացքում՝ խաղի թելադրանքով, պահեր եղան, որ պիտի հարվածեի դարպասին, դա էլ իմ ուժեղ կողմերից մեկն է, հարվածներ կատարեցի, ափսոս չստացվեց։ Հուսամ՝ վաղը ևս հարվածների շանսեր կլինեն։
Ալբանիան լավ հավաքական ունի՝ փորձառու ֆուտբոլիստներով, հստակ ձեռագրով։ Այսօր ուսումնասիրել ենք նրանց խաղը․ հավաքված լավ պաշտպանություն ունեն, լավ հարձակման գիծ։ Դժվար հանդիպում է սպասվում։ Ամեն ինչ անելու ենք դրական արդյունքի հասնելու համար։ Մարզչի կողմից հրահանգներ ունենք, որոնք կատարելու դեպքում կկարողանանք լավ արդյունքի հասնել»,- ասաց նա։