Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի վիճակի մասին։ Ֆուտբոլիստը վնասվածքով է միացել ազգային հավաքականին՝ ԱԱ 2022-ից առաջ։
«Լուկակուի խնդիրը ոչ թե ակումբ փոխելն էր, այլ այն, որ նա իր կարիերայի առաջին լուրջ վնասվածքն էր ստացել, նախկինում նա մկանային խնդիրներ չուներ: Մենք գիտենք, որ Ռոմելուն ֆիզիկապես շատ ուժեղ է, և նրա համար դժվար ժամանակներ էին։ Նրա մարմինը կարող էր տարբեր կերպ արձագանքել: Մենք հիանալի աշխատանք ենք կատարել «Ինտերի» բժշկական շտաբի հետ, և հուսով ենք, որ նա ժամանակ կունենա օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու համար»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում հինգ հանդիպում է անցկացրել «Ինտերի» կազմում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Բելգիայի հավաքականը խմբում կխաղա Կանադայի, Մարոկկոյի և Խորվաթիայի հետ։