2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: Մրցաշարին մասնակցելու համար յուրաքանչյուր թիմ ՖԻՖԱ-ից կստանա դրամական պարգև։ «РБК Спорт»-ը ներկայացրել է, թե որքան գումար կվաստակեն ԱԱ 2022-ի մասնակից հավաքականները։
Կատարում կայանալիք աշխարհի առաջնության նախօրեին մրցաշարին մասնակցելու իրավունք ստացած բոլոր թիմերին տրվել է 1,5 միլիոն դոլար վճար, որը հաշվարկվել է մրցաշարին նախապատրաստվելու ընթացքում ծախսերը հոգալու համար:
Աշխարհի առաջնության խմբային փուլում յուրաքանչյուր թիմ, որը չի կարողա հաղթահարել մրցաշարի այս փուլը, կստանա 9 միլիոն դոլար։
1/8 եզրափակչում պարտվողները կստանան 13 մլն դոլար։
Բոլոր թիմերը, որոնք դուրս կմնան պայքարից 1/4 եզրափակչում, կստանան 17-ական միլիոն դոլար, իսկ կիսաեզրափակչում և երրորդ տեղի համար խաղում պարտվելու դեպքում թիմերին կվճարվի 25 միլիոն դոլար, երրորդ տեղը զբաղեցրած թիմը կստանա 2 միլիոն դոլար ավելին։ Եզրափակչի մասնակիցը կստանա 30 միլիոն դոլար, իսկ 2022 թվականի աշխարհի առաջնության հաղթող թիմը կվաստակի 42 միլիոն դոլար։
Յուրաքանչյուր Մունդիալի անցկացման հետ ավելանում են նաև հաղթող թիմի շահումները։ 2006 թվականին մրցաշարի հաղթող Իտալիան ստացել է 20 միլիոն դոլար, 2010 թվականին Իսպանիան՝ 30 միլիոն դոլար, 2014 թվականին Գերմանիան՝ 35 միլիոն դոլար, իսկ 2018 թվականին Ֆրանսիան՝ 38 միլիոն դոլար։