Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի՝ Պրիշտինայում մրցելով Կոսովոյի հավաքականի հետ: Սեպտեմբերի 29-ից՝ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի: Առաջիկա ընկերական խաղերի համար գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Ռոման Բերեզովսկին:
Այսպիսով, Կոսովոն կդառնա ՈւԵՖԱ-ի անդամ 48-րդ երկիրը, որի հետ Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի :
Հայաստանի ընտրանին պատմության մեջ չի հանդիպել Անգլիայի, Ֆարերյան Կղզիների, Սան-Մարինոյի, Սլովենիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Ադրբեջանի հավաքականների հետ:
Կոսովոյի հավաքական, պատմություն
1993 թվականին Հարավսլավիայի փլուզումից հետո Կոսովոն ուներ իր չճանաչված ֆուտբոլային թիմը, որն իր առաջին խաղն անցկացրեց ալբանացիների դեմ (խաղն ավարտվեց Ալբանիայի հաղթանակով 3-1 հաշվով)։ Կոսովոյի հավաքականը մի քանի հանդիպում անցկացրեց, որոնց մեծ մասը պրոֆեսիոնալ ակումբների դեմ էր: Ամենամեծ հաղթանակը Մուհարեմ Սահիթիի գլխավորությամբ Մոնակոյի նկատմամբ 7-1 հաշվով հաղթանակն է: Այն սակավաթիվ մրցաշարերից մեկը, որում հանդես եկավ Կոսովոյի հավաքականը, Հյուսիսային Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի 50-րդ հոբելյանական մրցաշարն էր, որն անցկացվեց 2005 թվականին։ Կոսովացիները զբաղեցրեցին երկրորդ տեղը՝ զիջելով առաջին տեղը մրցաշարի տանտերերին՝ Հյուսիսային Կիպրոսի թիմին։
2008 թվականի մայիսի 6-ին Կոսովոն նամակով դիմեց ՖԻՖԱ-ին՝ խնդրելով ճանաչել Կոսովոն որպես կազմակերպության լիիրավ անդամ և թույլատրել մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանքու ներքո անցկացվող մրցաշարերին։ Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆադիլ Վոկրին այս գործողությունն անվանել էր «պատմական պահ» և վստահություն հայտնել, որ Կոսովոն շուտով կլինի ՖԻՖԱ-ի անդամ։
Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն մերժեց դիմումը, քանի որ չէր համապատասխանում ՖԻՖԱ-ի կանոնակարգի 10-րդ կետին, ըստ որի, ՖԻՖԱ-ի անդամ կարող է լինել միայն միջազգային հանրության կողմից ճանաչված պետությունը: ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին միանալու համար Կոսովոն դիմեց նաև 2011 թվականին, սակայն նորից մերժում ստացավ։
2012 թվականի դեկտեմբերին ֆուտբոլային աշխարհի քարտեզի վրա փաստացի հայտնվեց մի նոր պետություն: ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն թույլ տվեց Կոսովոյի ակումբներին, ինչպես նաև երիտասարդական և կանանց հավաքականներին ընկերական հանդիպումներ անցկացնել այն երկրների թիմերի հետ, որոնց ֆուտբոլային ասոցիացիաները ՖԻՖԱ-ի անդամ են։
2016 թվականի մայիսի 3-ին Կոսովոն պաշտոնապես դարձավ ՈՒԵՖԱ անդամ, իսկ մայիսի 13-ին համալրեց ՖԻՖԱ-ի շարքերը։
Կոսովոյի ազգային հավաքականի պատմական դեբյուտը պաշտոնական մակարդակով ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում տեղի ունեցավ 2016 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ արտագնա խաղում:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այս պահին Կոսովոն զբաղեցնում է 107-րդ տեղը: Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում Կոսովոն հանդես էր գալիս C դիվիզիոնում, որտեղ խմբում գրավեց 2-րդ տեղը (9 միավոր) , հետ մնալով Հունաստանի ընտրանուց (15 միավոր):
Նոր անուններ Հայաստանի ազգային հավաքականում
Առաջիկա խաղերի համար Ռոման Բերեզովսկին ազգային հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստի: Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:
Ինչպես յուրաքանչյուր անգամ, այս անգամ նույնպես հրավիրված ֆուտբոլիստների ցանկը հրապարակելուց հետո ֆուտբոլային շրջանակներում մեծ ակտիվությամբ սկսեցին քննարկել հավաքականի կազմը: Հատկապես շատ էին խոսակցությունները Չարենցավանի «Վանի» հարձակվող Էդգար Մովսեսյանի ու Նիկոսիայի «Օլիմպիակոսի» պաշտպան Արթուր Քարտաշյանի մասին: 24-ամյա հարձակվող Էդգար Մովսեսյանը ընթացիկ մրցաշրջանի հայտնություններից մեկն է և փայլում է չարենցավանյան թիմում․ ընթացիկ մրցաշրջանում խփած 7 գոլով լավագույն ռմբարկուների եռյակում է։ Իսկ Քարտաշյանը խաղաժամանակ է ստանում իր թիմում ու աչքի է ընկնում հուսալի խաղով:
Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների կազմը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել էր.
«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով: Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»։
Բուքմեյքերների կանխատեսումը
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետները հավատում են տանտերերի հաղթանակին, որի համար սահմանված միջին գործակիցը 1.85 է: Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակի միջին գործակիցը 4.20 է, իսկ ոչ-ոքին՝ 3.40:
Կոսովո-Հայաստան խաղը կկայանա նոյեմբերի 16-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: