Մեսսին ընդդեմ Լևանդովսկու, արծիվներից միայն մեկը «կճախրի» Կատարում, Մեքսիկան կհանդիպի հին «ծանոթների» հետ․․․ Այս անգամ մեր դիտակետում C խումբն է, որում ընդգրկված են հավաքականներ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից և Ասիայից։
Սաուդյան Արաբիա
Լավագույն արդյունքը — 1/8 եզրափակիչ (1994)
Հավաքականի մականունը — Անապատի արծիվներ, կանաչներ, բազեներ
Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 51-րդ տեղ
Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Մոհամեդ ադ-Դեայա (178 հանդիպում)
Լավագույն ռմբարկուն — Մաջիդ Աբդուլա (71 գոլ)
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Սուլտան Ալ-Գանամ (3,5 մլն եվրո)
Սաուդյան Արաբիան ուժեղագույններից մեկն է իր մայրցամաքում։ Հավաքականը երեք անգամ (1984, 1988 և 1996 թվականներին) նվաճել է Ասիայի գավաթը և ևս երեք անգամ խաղացել այս մրցաշարի եզրափակիչներում։ Իսկ ահա ԱԱ-ի ուղեգիր սաուդցինեչը միայն 5-րդ փորձից հետո կարողացան ձեռք բերել և մասնակցեցին 1994 թվականին ԱՄՆ-ում կայացած Աշխարհի առաջնությանը։ Ասիայի ներկայացուցիչները՝ արգենտինացի Խորխե Սոլարիի գլխավորությամբ, բարդ խմբում էին հայտնվել Նիդերլանդների, Բելգիայի ու Մարոկկոյի հավաքականների հետ։ Եվ գիտե՞ք ինչ․․․ նրանք կարողացան դուրս գալ այս խմբից։ Դա մեծ սենսացիա էր այն ժամանակ։ Բայց հեքիաթն ավարտվեց արդեն 1/8 եզրափակչում, երբ սաուդցիները զիջեցին հաջորդ փուլի ուղեգիրը շվեդներին․ ի դեպ՝ վերջիններս դարձան այդ մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Արդեն նշեցինք, որ այս թիմը լավագույններից մեկն է Ասիայում, բայց ԱԱ-ում Սաուդյան Արաբիայի հավաքականը աութսայդերների ցանկում է՝ նամանավանդ մի խմբում, որտեղ նման մրցակիցներ են։ Թիմի բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում են տեղի լիգան, շատերը՝ «Ալ Հիլալ», «Ալ Իտիհադ», «Ալ Նասր» ակումբները։ Առանձնացնել ինչ-որ մեկին դժվար է, երևի միայն վինգեր Սալեմ Ալ Դավսարին է քիչ թե շատ հայտնի․ թիմում կան և՛ երիտասարդ, և՛ փորձառու խաղացողներ։ Երիտասարդ ֆուտբոլիստներից ամենահեռանկարայիններից է համարվում 22-ամյա Ֆիրաս Ալ-Բուրայկանը, իսկ այս առաջնությունում, իմ կարծիքով, եթե ինչ-որ մեկն աչքի ընկնի իր խաղով` դա կլինի ևս մեկ հարձակվող՝ Սալեհ Ալ-Շեհրին։
Ասիական հավաքականը 2019 թվականից մարզում է ֆրանցիացի Էրվե Ռենարը, որն արդեն մեկ անգամ մասնակցել է ԱԱ-ին` Կոտ դ’Իվուարի հավաքականի հետ 8 տարի առաջ, երկու անգամ հաղթել է Աֆրիկայի գավաթը` Զամբիայի ու Կոտ դ’Իվուարի հետ, իսկ մինչ Սաուդյան Արաբիան՝ Մարոկկոյի հավաքականի մարզիչն էր։
Ի՞նչ սպասել այս թիմից ԱԱ-ից․․․ ոչինչ։ Եթե մրցաշարի մյուս աութսայդերներից դեռ կարող ենք ինչ-որ անակնկալ սպասել, օրինակ՝ միավորներ խլել ֆավորիտներից, ապա այս դեպքում, անկեղծ, գրեթե ոչինչ չեմ սպասում այս թիմից։
⏳ Խաղացանկ
Նոյեմբերի 22. Արգենտինա — Սաուդյան Արաբիա
Նոյեմբերի 26. Լեհաստան — Սաուդյան Արաբիա
Նոյեմբերի 30. Սաուդյան Արաբիա — Մեքսիկա
Մեքսիկա
Լավագույն արդյունքը — 1/4 եզրափակիչ (1970, 1986)
Հավաքականի մականունը — Կանաչներ, Մայա
Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 13-րդ տեղ
Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Կլաուդիո Սուարես (177 հանդիպում)
Լավագույն ռմբարկուն — Չիչարիտո (52 գոլ)
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Էդսոն Ալվարես (35 մլն եվրո)
Մեքսիկայի հավաքականը Աշխարհի առաջնությանը մասնակցել է 17 անգամ, սա կլինի նրանց 18-րդ մրցաշարը, ինչը աշխարհի չեմպիոն չդարձած թիմերի շրջանում ամենաբարձր ցուցանիշն է։ Թիմի լավագույն արդյունքը եղել է քառորդ եզրափակիչ դուրս գալը 1970 և 1986 թվականներին։ Չնայած Աշխարհի առաջնություններում հաղթանակների բացակայությանը` մեքսիկական ֆուտբոլը բարձր մակարդակի վրա է։ Մեքսիկան ունի զարգացած ֆուտբոլային ենթակառուցվածք, կա 6 մարզադաշտ՝ ավելի քան 50 հազար հանդիսական ընդունելու հնարավորությամբ, այդ թվում՝ աշխարհի ամենամեծ զուտ ֆուտբոլային մարզադաշտերից մեկը՝ «Ացտեկան», որը 2 անգամ հաջողությամբ ընդունել է Մունդիալը։ Ակումբային ֆուտբոլը ևս բարձր մակարդակի վրա է, առաջնությունը լավագույններից մեկն է ոչ եվրոպական լիգաների շրջանում։ Պատահական չէ, որ գրեթե միշտ հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը ներկայացրել են տեղական ակումբները և միայն նախորդ ԱԱ-ում առաջին անգամ 23 ֆուտբոլիստներից 12-ը եվրոպական ակումբներից էին։
Նախորդ ԱԱ-ից հետո Մեքսիկայի հավաքականը բավականին փոխվել է։ Այլևս հավաքական չի հրավիրվում թիմի պատմության լավագույն ռմբարկուն՝ Չիչարիտոն, հավաքականում չէ նաև փորձառու Կարլոս Վելան։ Նրանք երկուսով բավականին կուժեղացնեին այս թիմի հարձակման ներուժը։ Փոխվել է նաև խաղաոճը․ նախկինում թիմը նախապատվությունը տալիս էր հակագրոհներով խաղալուն, իսկ այժմ մեքսիկացիները ակտիվ հարձակվողական ֆուտբոլ են խաղում՝ բարձր պրեսինգով։ Այդ ամենը, իհարկե, կապված է նոր գլխավոր մարզչի գալու հետ։ 2019 թվականից Մեքսիկայի հավաքականը գլխավորում է արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոն։ Հատկանշկան է, որ C խմբի 4 մասնակիցներից երկուսի մարզիչը արգենտինացի է։
Բայց, բացի Վելայից ու Չիչարիտոյից, Մեքսիկան ունի ֆուտբոլիստներ, որոնք կարող են տխրեցնել մրցակիցների դարպասապահներին։ Խոսքը Իրվինգ Լոզանոյի («Նապոլի») և Ռաուլ Խիմենեսի («Վուվերհեմփթոն») մասին է։ Թիմի մյուս առանցքային խաղացողներից կառանձնացնեմ «Այաքսի» հենակետային Էդսոն Ալվարեսին, որն այժմ բազմաթիվ գրանդ ակումբների դիտատկետում է, ինչպես նաև կենտրոնական կիսապաշտպան Էրիկ Գուտիերեսին` ՊՍՎ-ից։ Իսկ ահա երիտասարդ ֆուտբոլիստներից կարող են իրենց լավ դրսևորել 21-ամյա հարձակվող Սանտյագո Խիմենեսը («Ֆեյենորդ») և 23-ամյա Էրիկ Սանչեսը («Պաչուկա»)։ Հետաքրքիիր կլինի հետևել նաև վինգեր Ալեքսիս Վեգայի («Գվադալախարա») խաղին, եթե, իհարկե, հաճախակի խաղաժամանակ ստանա։ Դարպասում, հավանաբար, կտեսնենք փորձառու վետերան, 37-ամյա Գիլերմո Օչոային, ով չի կարելի ասել, որ մեծ ակումբային կարիերա է ունեցել, բայց հավաքականում շատ հաճախ աչքի է ընկնում փայլուն խաղով։ Թիմի կազմում մեծ դեր են խաղում նաև մյուս վետերանները՝ Հեկտոր Մորենոն և Հեկտոր Էրերան։ Այս անգամ ևս, ինչպես միշտ, շատ խաղացողներ կլինեն տեղի լիգայից և հնարավոր է, որ ոմանց ԱԱ-ից հետո կտեսնենք արդեն Եվրոպայում։
Իսկ ահա կորուստներից ամենամեծը Խեսուս Կորոնայի բացակայությունն է։ «Սևիլիայի» ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել այս տարվա օգոստոսին ստացած վնասվածքից և չի հասցնի խաղադաշտ վերադառնալ Աշխարհի առաջնությանն ընդառաջ: Ճիշտ է, առաջիկա ԱԱ-ում բոլորս սպասում ենք մեկ այլ «կորոնայի» բացակայությանը, բայց դե․․․
Ամփոփելով այս ամենը, կարող ենք ասել, որ Մեքսիկան կպայքարի փլեյ-օֆֆ դուրս գալու համար։ Եվ նրա հիմնական մրցակիցը խմբային փուլում կլինի, ամենայն հավանականությամբ, Լեհաստանի հավաքականը, որի հետ էլ մեքսիկացիները կանցկացնեն իրենց առաջին հանդիպումը։
⏳ Խաղացանկ
Նոյեմբերի 22. Մեքսիկա — Լեհաստան
Նոյեմբերի 26. Արգենտինա — Մեքսիկա
Նոյեմբերի 30. Սաուդյան Արաբիա — Մեքսիկա
Լեհաստան
Լավագույն արդյունքը — բրոնզե մեդալակիր (1974, 1982)
Հավաքականի մականունը — Սպիտակ արծիվներ
Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 26-րդ տեղ
Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Ռոբերտ Լևանդովսկի (129 հանդիպում)
Լավագույն ռմբարկուն — Ռոբերտ Լևանդովսկի (75 գոլ)
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Ռոբերտ Լևանդովսկի (45 մլն եվրո)
Բացի Անապատի արծիվներից (Սաուդյան Արաբիա), այս խմբում կխաղան նաև Սպիտակ արծիվները՝ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր լեհերը։
Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Չախլավ Միխնևիչն է, որը թիմի ղեկին է այս տարվանից։ Մինչ այդ նա մարզել է միայն տեղի ակումբները, իսկ 2017-ից մինչև 2020 թվականները մարզել է Լեհաստանի երիտասարդական հավաքականը։ Հետաքրքիր է, որ նա ծնվել է ԽՍՀՄ-ում (Բելառուսիայի ԽՍՀ), բայց մեծացել և ապրել է Լեհաստանում։ Նախորդ տարեվերջին Լեհաստանի հավաքականի արդեն նախկին մարզիչ Պաոլո Սոուզան անսպասելի խզեց պայմանագիրը տեղի ֆեդերացիայի հետ, նույնիսկ վճարեց պայմանագրով նախատեսված փոխհատուցումն ու ցուրտ Եվրոպան փոխարինեց տաք Բրազիլիայով․ նա այդ քայլին գնաց բրազիլական գրանդը՝ «Ֆլամենգոն» գլխավորելու առաջարկ ստանալու պատճառով։ Եվ նրա կիսատ թողած գործը մնաց արդեն Միխնևիչի ուսերին, որն էլ, կարելի է ասել, հաջողությամբ այն հասցրեց ավարտին։ Իհարկե, Ռուսաստանի հավաքականի հեռացվելը ԱԱ ընտրական փուլի մրցաշարից ու շվեդների անփույթ խաղը նույն փլեյ-օֆֆում ևս նպաստեցին այս հաջողությանը, բայց հիմա այս մասին չենք խոսում․․․ Համ էլ, չնայած, ի՞նչ ավարտ, միգուցե ամեն ինչ դեռ նոր է սկսվում, և Միխնևիչի գլխավորությամբ Լեհաստանը հնարավոր է նշանակալի հաջողությունների հասնի այս ԱԱ-ում։ Համենայն դեպս այդ ամենի համար կան նախադրյալներ՝ որակյալ ռեսուրսի տեսքով։
Լեհաստանի հավաքականի լավագույն խաղացողը, անկասկած, Ռոբերտ Լևանդովսկին է, որը գլխավորում է ռմբարկուների և ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների ցանկը (75 գոլ և 134 հանդիպում)։ Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի հույսն է գալիք Աշխարհի առաջնությունում։ Հարձակվողն առաջատարն է և խաղադաշտում, և հանդերձարանում, ուստի հավաքականի հաջողությունները հիմնականում կախված կլինեն նրանից, և լեհերի համար շատ լավ է, որ նա մոտենում է ԱԱ-ին գերազանց մարզավիճակում։ Լևան, ընդհանրապես, լավագույն ֆուտբոլիստներից մեկն է աշխարհում վերջին տարիներին, և շատ հետաքրքիր կլինի խմբային փուլում հետևել նրա մրցակցությանը լավագույններից մյուսի՝ Մեսսիի հետ։
Բայց Լեհաստանի հավաքականը դա միայն Լևանդովսկին չէ։ Դարպասում փորձառու Վոյցեխ Շչեսնին («Յուվենտուս») է, պաշտպանությունում խաղում են վետերան Գլիկը, ինչպես նաև Կեշը, Բեդնարեկը, կիսապաշտպանությունում՝ Կրիխովյակը, Լինետին, Ֆրանկովսկին, իսկ առջևի գծում Լևային կօգնեն Զելինսկին («Նապոլի»), որը հիանալի մրցաշրջան է անցկացնում Ա Սերիայում, երիտասարդ Զալևսկին («Ռոմա»), որը հարկ եղած դեպքում կարող է փակել ամբողջ ձախ եզրը, ինչպես նաև Շվիդերսկին և Շիմանսկին։ Չմոռանանք նաև կենտրանական հարձակվողներ Միլիկի և Պյոնտեկի մասին, որոնք, ըստ խաղային իրավիճակի, կարող են հարձակվողական դուետ կազմել Լևանդովսկու հետ։
Ընդհանրապես, Մախնևիչը չունի հստակ խաղային ձեռագիր, նա հիմնականում ցանկացած խաղի նախապատրաստվում է անհատապես, ինչը, ճիշտն ասած, ոչ միշտ է տալիս իր արդյունքը։ Եվ հենց մարզիչն է, իմ կարծիքով, հավաքականի թույլ օղակը։ Նա նախապատվությունը տալիս է 3-5-2, 3-4-1-2, 3-4-3 սխեմաներին։ Այս ամենը թիմին հաղորդում է որոշակի անկայունություն, բացի այդ, շատ բան կախված է Լևայի ու Զելինսկու մարզավիճակից ու «տրամադրությունից» տվյալ խաղում։ Կազմի տեսանկյունից, Լեհաստանը չի զիջում Մեքսիկային, նույնիսկ ինչ-որ տեղ ավելի ուժեղ է, բայց դժվար է ասել՝ թիմային խաղով կունենա՞ արդյոք առավելություն Լեհաստանը։ Հաշվի առնելով այն փաստը, որ Մեքսիկան ունի հստակ մարտավարություն և ակտիվ հարձակվողական ֆուտբոլ է խաղում, կարող ենք եզրակացնել, որ Լեհաստանը կխաղա երկրորդ համարով՝ նախապատվությունը տալով հակագրոհներով խաղին։ Այնպես որ, հենց առաջին տուրում սպասվում է բավականին թեժ ու համառ դիմակայություն, ու հենց այս խաղն էլ կարող է վճռորոշ դառնալ փլեյ-օֆֆի ուղեգրի համար։ Իսկ հետո երկուսով, հերթով քննություն կհանձնեն Արգենտինային, որն առաջին տուրում պետք է որ առանց մեծ ջանքերի երեք միավոր վաստակի Սաուդյան Արաբիայի հետ խաղում։
⏳ Խաղացանկ
Նոյեմբերի 22. Մեքսիկա — Լեհաստան
Նոյեմբերի 26. Լեհաստան — Սաուդյան Արաբիա
Նոյեմբերի 30. Լեհաստան — Արգենտինա
Արգենտինա
Լավագույն արդյունքը — ԱԱ չեմպիոն (1978, 1986)
Հավաքականի մականունը — Ալբիսելեստե
Վարկանիշը ՖԻՖԱ-ում — 3-րդ տեղ
Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը — Լիոնել Մեսսի (164 հանդիպում)
Լավագույն ռմբարկուն — Լիոնել Մեսսի (90 գոլ)
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ — Լաուտարո Մարտինես (75 մլն եվրո)
Այո, առաջին տուրում, ինչպես նոր ասացինք, հարավամերիկյան հավաքականին սպասվում է «թեթև զբոսանք»։ Եվ միայն հաջորդիվ նրանց կսպասվի համեմատաբար դժվար հանդիպումներ մեքսիկացիների և լեհերի հետ։ Արգենտինայի հավաքականն առանձնապես ծանոթացնելու կարիք չունի, գրեթե բոլոր ֆուտբոլիստներին շատերդ լավ գիտեք։
Արգենտինայի հավաքականը 5 անգամ խաղացել է ԱԱ-ի եզրափակչում, որից երկուսում հաղթել է։ Այս տարի ևս, ինչպես միշտ, մասնագետների կողմից Արգենտինան համարվում է մրցաշարի ֆավորիտներից մեկը։ Ինչո՞վ է կարևոր հենց այս ԱԱ-ում հաղթանակը արգենտինացիների համար (նաև շատ այլ երկրպագուների)․ սա, հավանաբար կլինի ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Լիոնել Մեսսիի վերջին Աշխարհի առաջնությունը։ Այդ մասին, համենայն դեպս, ասել է ինքը՝ Լեոն․
Մեսսին ունի բոլոր հնարավոր տիտղոսները` բացի ԱԱ-ի գավաթից, և սա թերևս վերջին հնարավորությունն է այն նվաճելու։ Իսկ մինչ այդ նրան անընդհատ շատերը հիշեցնելու են՝ «Մարադոնա՞, թե՞ Մեսսիի․․․ Դիեգոն դարձել է աշխարհի չեմպիոն»։ Սա զուտ սուբյեկտիվ կարծիք է, ամեն մեկն իր կարծիքն արտահայտելու իրավունքն ունի։ Այնպես որ թե Մեսսիին, ինչու և ոչ՝ նաև նրա թիմակիցները, առավելագույնս տրամադրված ու նպատակասլաց են լինելու առաջիկա խաղերում։ Չէ՞ որ սա ոչ միայն Մեսսիի հավանական վերջին մրցաշրջանն է, այլ նաև ևս մի քանի խաղացողների, օրինակ՝ Դի Մարիայի։ Եվ դա նշանակում է, որ տեսնելու ենք մոտիվացված մի թիմի, որը փորձելու է պայքարել մինչև վերջ, խաղային «խոտանները» փորձելու է ծածկել նվիրվածության, անձնուրացության, քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
Եվ այս թիմի մարզիչն է Լիոնել Սկալոնին, որը հավաքականի ղեկին է 2018 թվականից։ Նրա գլխավորությամբ Արգենտինան հաղթեց 2021 թվականի Հարավային Ամերիկայի գավաթում՝ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով Բրազիլիային, որը 1993 թվականից ի վեր միջազգային մրցաշարում առաջին հաղթանակն էր:
Բացի փորձառու վետերաններից Արգենտինայի հավաքականի կազմում շատ են նաև երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք կփորձեն իրենց առավելագույնս դրսևորել մրցաշարում․ Լաուտարո, Ռոմերո, Մարտինես, չմոռանանք նաև Ալվարեսի և Մաքալիստերի մասին։
Կորուստներ ևս կան։ «Տոտենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Վիլյառեալում», կբացակայի Արգենտինայի հավաքականի հայտացուցակից՝ աջ ազդրի վնասվածքի պատճառով: Բժշկական մի շարք հետազոտություններից հետո որոշվել է ազդրի մկանների վիրահատություն կատարել։ Նշվում է, որ Լո Սելսոն ցանկացել է հետաձգել բժշկական միջամտությունը՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Ֆուտբոլիստը պատրաստ է եղել ինքնուրույն վճարել բուժման ծախսերը, իսկ վերականգնման ժամանակահատվածում հրաժարվել ակումբում աշխատավարձից, եթե ղեկավարությունը թույլ տար վիրահատությունը հետաձգել մրցաշարից հետո։ Ահա թե որքան կարևոր է Աշխարհի առաջնությունը ֆուտբոլիստների համար․․․
⏳ Խաղացանկ
Նոյեմբերի 22. Արգենտինա — Սաուդյան Արաբիա
Նոյեմբերի 26. Արգենտինա — Մեքսիկա
Նոյեմբերի 30. Լեհաստան — Արգենտինա
Ահա այսպիսին էր երրորդ՝ C խումբը, կհանդիպենք հաջորդ խմբի անոնսում։ Ի դեպ՝ նախորդ խմբերի անոնսներին ու այս պահին հրապարակված հայտացուցակներին կարող եք ծանոթանալ ստորև 😉։ Առողջ եղեք ))))
Վար Բաբայան
🏆 Խմբերի անոնս
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
⚽ Հավաքականների հայտացուցակները
ԱԱ-2022․ Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Խորվաթիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ճապոնիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ֆրանսիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Գերմանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Պորտուգալիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Նիդերլանդների հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Բելգիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Սերբիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Շվեյցարիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Լեհաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ուելսի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ուրուգվայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ ԱՄՆ-ի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Հարավային Կորեայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կատարի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ավստրալիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Սաուդյան Արաբիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Սենեգալի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կամերունի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Մարոկկոյի հավաքականի վերջնական հայտացուցակը