Այսօր՝ փետրվարի 21-ին ՀՀ Նախագահի նստավայրում պարգևատրվեցին 2019 թվականի արդյունքներով «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկում ընդգրկված մարզիկները՝ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը,մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը:
2019 թվականի տասը լավագույն մարզիկներին պարգևատրեց անձամբ վարչապետը: Նկատենք, որ նախորդ տարիներին նախարարության կողմից Հայաստանի տասը լավագույն մարզիկները պարգևներ չեն ստացել:
«Մեծարգո Օլիմպիական չեմպիոններ՝ բոլոր ժամանակների, մարզիկներ, մարզիչներ, պետական այրեր ուրախ եմ շատ այսօրվա մեր հանդիպման համար: Սա գործնական մեկնարկն է մեր քաղաքական այն հայտարարության , որ սպորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն: Մեր ռազմավարությունն է մինչեւ 2050 թվականն ունենալ առնվազն 25 Օլիմպիական ոսկե մեդալ: Իհարկե շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա մեզ ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը ոգևորում է. Չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ այն, ինչ անհնար է: Մեր մարզիկների հաղթանակները միջազգային ասպարեզներում ոչ միայն նրանց անձնական հաջողությունն է, մարզիչների, մարզադպրոցների հաղթանակները, այլ պետության, երկրի մեծ նվաճումը:
Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր եւ պինդ կանգնենք սպորտի կողքին, մեր մարզիկների կողքին, և մեզնից կախված առավելագույնը անենք Հայաստանում սպորտի զարգացման համար: Բազմիցս եմ ասել, որ Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական փսևդոմշակութային ազդեցությունները շատ մեծ են և մեր չեմպիոնների դերը տեսնում եմ նաև սրա մեջ: Մեր չեմպիոնները պետք է դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների, եկող սերնդի համար: Համոզված եմ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, թե Հայաստանում մարդիկ ինչպիսի հուզմունք են ապրում, երբ հաղթանակի բերկրանքի պահերին բարձրանում է Հայաստանի դրոշն ու հնչում հիմնը:
Պետք է հասկանանք, որ չեմպիոնները չեմպիոն չեն ծնվում՝ դառնում են եւ այդ առումով շատ կարևոր է, որ մենք կարողանանք զարգացնել Հայաստանում մարզական ենթակառուցվածքները, ունենալ լավ մարզադպրոցներ, մարզագույք, խրախուսել լավ մարզիչներին, ունենալ կրթական այնպիսի համակարգ, որ մատակարարի լավ մարզիչներ: Նախորդ տարի Կառավարության մի որոշմամբ մենք գնեցինք այնքան մարզագույք, որքան չէր գնվել վերջին 4-5 տարիների ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամեն ինչ կանի, որ մարզիկները զգան մեր աջակցությունը»,- իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը մարզական հանրությանն առաջարկում է դառնալ Կառավարության դաշնակիցը, գործընկերը՝ Հայաստանի զարգացման ռազմավարական տեսլականը իրագործելու հարցում: Փոխարենը Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ մարզական հանրությունը զգա պետության աջակցությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներին» 5-ական մլն դրամով պարգևատրելու համար: Այն կկրի շարունակական բնույթ:
Նարե Հովհաննիսյան