Լա լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» 2։0 հաշվով հաղթեց «Ալմերիային»։ Խաղի 7-րդ րոպեին կատալոնացիները 11 մետրանոցի իրավունք ստացան, բայց Ռոբերտ Լևանդովսկին չկարողացավ դիպուկ իրացնել հարվածը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հանդիպման հաշիվը բացեց Օսման Դեմբելեն։ 63-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ֆրենկի դե Յոնգը։
Այս խաղը վերջինն էր «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կարիերայում։ Պաշտպանն ավարտում է կարիերան։ 35-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին։
«Բարսելոնան» 34 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական և 2 միավորով գերազանցում է Մադրիդի «Ռեալին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
























































