Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում 1:2 հաշվով պարտվեց «Սլովանին»:
Խաղն ակտիվ սկսեցին տանտերերը ու հենց մեկնարկից նետվեցին գրոհի. 5-րդ րոպեին վտանգավոր գրոհ ձեռնարկեցին և կարող էին բացել հաշիվը, սակայն «Փյունիկի» պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը: Երկու րոպե անց «Սլովանի» ֆուտբոլիստի հեռահար հարվածից հետո Դավիդ Յուրչենկոն գնդակը դուրս բերեց անկյունային:
Առաջին կեսի միջնամասում Հայաստանի չեմպիոնին հաջողվեց կոտրել մեկնարկային լարվածությունը: Հատկապես աչքի էր ընկնում Հովհաննես Հարությունյանը, ով մեկ-երկու անգամ փորձեց փոխանցումով նպաստավոր դիրք դուրս բերել թիմակիցներին: Տանտերերը շարունակում էին ավելի շատ լինել գնդակով, սակայն մեկնարկային րոպեների համեմատ «Սլովանի» գրոհներում պակասում էր սրությունը:
38-րդ րոպեին Կոչուկը դաշտի կենտրոնում խլեց գնդակը, ինչից հետո փոխանցում կատարեց Օտուբանջոյին, սակայն վերջինս չկարողացավ գնդակը հասցնել նպաստավոր դիրքում գտնվող Յուրիչիչին: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին Սլովակիայի չեմպիոնը կարող էր բացել հաշիվը, սակայն հեռահար հարվածը հետ մղեց Դավիդ Յուրչենկոն:
55-րդ րոպեին Դաշյանի փոխանցումից հետո Դիոպը հարվածեց աջ եզրից, որից հետո մրցակցի դարպասապահը գնդակը դուրս բերեց անկյունային:
64-րդ րոպեին տանտերերի դարպասապահի կոպիտ սխալից հետո Դիոպը խլեց գնդակը, սակայն դարպասապահը խախտեց կանոնները, ու մրցավարը նշանակեց 11-մետրամոց հարված, որն անվրեպ իրացրեց Եվգենի Կոչուկը:
Խաղավերջում տանտերերը կարողացան երկու գոլ խփել: 84-րդ րոպեին Կաշիան եզրից ստացավ գնդակն ու այն, առանց պաշտպանների դիմադրությանը հանդիպելու, ուղարկեց Յուրչենկոյի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։ Մեկ րոպե անց Ռամիրեսը անհասկանալի իրավիճակում հաշիվը դարձրեց 2:1․ Դավիդ Յուրչենկոն շատ անհաջող հեռացրեց գնդակը, իսկ նրա դիմաց գտնվող ֆուտբոլիստը խլեց այն ու գրավեց դատարկ դարպասը։
Խաղի վերջնամասն անցավ գերլարված պայքարում: Վերջին րոպեին Հայաստանի չեմպիոնը կարող էր խուսափել պարտությունից, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ:
Այսպիսով, վերջին տուրից առաջ «Սլովանը» 8 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը, «Բազելը» նույնքան միավորով հայտնվեց 2-րդ տեղում, «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է, իսկ «Ժալգիրիսը» 5 միավորով եզրափակում է այն։