Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սլովանը» կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին»։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է սպասվող հանդիպման մասին։
«Խմբում իրավիճակը բաց է։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Ես կարծում եմ, որ մենք լավագույն թիմն ունենք, որը երբեք չի կրկնի այն, ինչ եղավ Երևանում (առաջին խաղում «Փյունիկը» 1 րոպեում 2 գոլ էր խփել և հաղթել 2։0 հաշվով,-խմբ․)։
Ես հավատում եմ, որ մենք լավ թիմ դուրս կբերենք դաշտ։ Մենք մրցելու ենք մի թիմի դեմ, որը կարողանում է լավ պաշտպանվել և գերազանցում է մեզ 1 միավորով։
Գուցե սա մեր ամենակարևոր խաղն է, բայց ոչ վճռորոշը։ Մեզ հաղթանակ է հարկավոր և մենք ամեն ինչ պետք է անենք դրա համար։
Եթե մենք լավ տրամադրություն ունենք, ապա կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի։ Ես ուզում եմ հաղթել, վրեժ լուծել պարտության համար և շարժվել առաջ»,- ասել է Վայսը նախախաղային ասուլիսի ժամանակ։
«Սլովան» — «Փյունիկ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 27-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։