«Դեռ շատ անելիքներ և չիրականացած երազանքներ ունեմ սպորտում: Ամեն ինչ դեռ առջևում է: Ես երիտասարդ եմ ու ունեմ ժամանակ: Փառք Աստծո, Աստված ամեն հնարավորություն տվել է ինձ, որ կարողանամ հասնել նպատակներիս: Ամեն ինչ անելու եմ դրա համար»: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասել է ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, որը վերջերս կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն:
Ամփոփելով Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում անցկացված առաջնությունը՝ Արսեն Հարությունյանն ասում է՝ դժվար, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր գոտեմարտեր է ունեցել:
«Աշխարի չեմպիոն դառնալը հեշտ չէ: Դժվար ու միևնույն ժամանակ հետաքրքիր գոտեմարտեր եմ անցկացրել: Կարելի է ասել՝ ինձ համար այս առաջնությունն իմ կամային որակներն ու ուժը ևս մեկ անգամ հասկանալու հարթակ էր: Ցանկանում էի ինձ ստուգել ու հասկացա, որ հաղթանակների համար ամենակարևոր գրավականը վստահությունն է: Նշանակություն չունի, թե ում հետ ես գոտեմարտում, եթե վստահություն ունես, ապա կարող ես հաջողության հասնել»,- ասում է Արսեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այդ հաղթանակների հետևում մարզիչներն են, որոնք գիշեր-ցերեկ մարզիկների կողքին են. «Շնորհակալ եմ մարզիչներիս՝ իմ կողքին լինելու համար: Ես մինչև վերջ կհավատամ իմ մարզիչներին և ուզում եմ, որ իրենք էլ ինձ հավատան, ու մենք կարողանանք իրականացնել մեր երազանքները: Շատ մեծ ճանապարհ ենք անցել ամիսներ շարունակ: Այս տարին ինձ համար շատ լավ ստացվեց. կարողացա բոլոր մեդալներս կրկնապատկել՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր և Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն: Շատ ուրախ եմ այս առիթով»:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ կասկածից վեր էր, որ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնները հենց Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն էին լինելու. «Այս առաջնությունում նրանց կարգն ու մյուս մասնակիցների նկատմամբ առավելությունը շատ մեծ էր, ու անպայման պետք է հաղթեին: Նրանք ոչ միայն Մ23 տարեկանների, այլև մեծահասակների մակարդակում շատ լուրջ մրցակից են ցանկացածի համար»:
Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կայացած Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը նվաճել էին Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Ավագյանը: