ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել է դատարանի որոշումը ու Գևորգ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։
Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: