Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը և այլք, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ Հայաստանն այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է ընդունում խոշոր մարզական մրցում, ինչը շատ պատվաբեր է.
«Սամբոն Հայաստանում շատ լուրջ ավանդույթներ ունի և մեկ հետաքրքիր փաստ ևս. սամբոն ստեղծվել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից և հայկական կոխ ըմբշամարտի տարրեր է նաև պարունակում»:
Լուսային և ձայնային գեղեցիկ շոու ծրագրի ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու արվեստը: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում հայ նշանավոր և անվանի գործիչներին:
Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջնությանը շուրջ 500 մարզիկ-մարզուհի կմասնակցի աշխարհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան: Չեզոք մարզիկների դրոշի /FIAS/ ներքո հանդես կգան ռուսաստանցի, բելառուս և ֆրանսիացի մարզիկները: Առաջնության շրջանակում կխաղարկվի 55 հավաքածու մեդալ: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: