Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումները A,B,C և D խմբերում։
Համառոտ անդրադառնանք այդ խմբերում տիրող ներկայիս իրավիճակներին։
⚽ A խումբ
1․ Նապոլի — 9 միավոր
2․ Լիվերպուլ — 6
3․ Այաքս — 3
4․ Ռեյնջերս — 0
Շատերը, հավանաբար, անակնկալ համարեցին «Նապոլիի» խոշոր հաշվով հաղթանակը «Լիվերպուլի» հետ խաղում, որը կայացավ առաջին տուրում (4-1): Բայց հետո ակներև դարձավ, որ այս ամենը բոլորովին պատահականություն չէ, այլ պարզ օրինաչափություն․ փաստենք՝ Սպալետիի թիմը լավագույն ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկն է այս պահին Եվրոպայում։ Արդեն գրեթե կասկած չկա, որ նեապոլիտանացիները դուրս կգան փլեյ-օֆֆ, իսկ երկրորդ ուղեգրի համար պայքարում, կրկին կասկած չկա, հաղթող դուրս կգա «Լիվերպուլը»։ Որքան էլ Կլոպի թիմը լինի ճգնաժամային վիճակում, «Այաքսում» վիճակն ավելի տխուր է (միգուցե նույնիսկ «Ռեյնջերսը» կփորձի օգտվել իրավիճակից երրորդ տեղի համար պայքարում)։
⚽ B խումբ
1․ Բրյուգե — 9 միավոր
2․ Պորտու — 3
3․ Բայեր — 3
4․ Ատլետիկո — 3
Սպասո՞ւմ էիք «Բրյուգեից» այսպիսի հաջողություններ․․․ Կարծում եմ՝ բացի ակումբի երկրպագուներից, ոչ ոք չէր պատկերացնի, որ մեկնարկային երեք տուրերում բելգիացիները կունենան նույնքան հաղթանակ։ Միանշանակ այս խաղարկության գլխավոր բացահայտումն է «Բրյուգեն», որը, լինելով ակնհայտ աութսայդեր իր խմբում, այժմ ամֆիթատրոնից է հետևում՝ ինչպես են ուղեգրերի համար պայքարում մյուս երեքը․․․ Դեռ երեք տուր կա, կարող է շատ բան փոխվել, բայց նշենք, որ բելգիացիների հաջողությունները, ինչպես «Նապոլիի» դեպքում, ևս պատահականություն չեն, և դժվար թե Հուֆկենսի սաները ձեռքից բաց թողնեն փլեյ-օֆֆի ուղեգիրը։
⚽ C խումբ
1․ Բավարիա — 9 միավոր
2․ Ինտեր — 6
3․ Բարսելոնա — 3
4․ Վիկտորիա — 0
Խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կկայանա Կատալոնիայում, որտեղ «Բարսելոնան» կփորձի ռևանշի հասնել «Ինտերի» նկատմամբ Միլանում կրած պարտությունից հետո (0-1)։ Այս խաղում կարող է որոշվել փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգրի ճակատագիրը․ եթե «Ինտերը» հաղթի՝ գրեթե կլուծի իր խնդիրը, հակառակ դեպքում (եթե հաղթեն տանտերերը)՝ «Բարսելոնան» կվերականգնի ինտրիգն այս խմբում։ Եթե ոչ-ոքի գրանցվի՝ որոշակի ինտրիգ դեռ կպահպանվի։ Անկախ ամեն ինչից, այս խաղը թեժ է լինելու․․․ Մյուս խաղի մասին ասելու բան չկա․ մյունխենցիները պետք է որ 3 միավորով տուն վերադառնան Պրահայից։
⚽ D խումբ
1․ Սպորտինգ — 6 միավոր
2․ Տոտենհեմ — 4
3․ Այնտրախտ — 4
4․ Մարսել — 3
Այս քառյակը շարունակում է ամենաանկանխատեսելիներից մեկը լինել խմբային փուլում․ հետևելով բոլոր թիմերի ցուցադրած խաղին՝ այստեղ դժվար է առանձնացնել ֆավորիտներին, չնայած մրցաշարի մեկնարկից առաջ շատերը «Տոտենհեմին» կանխատեսում էին հեշտ «զբոսանք»։ Համենայն դեպս, հետաքրքիր և համառ պայքար է սպասվում այս խմբում․․․
⏳ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
20:45. «Նապոլի»- «Այաքս»
20:45. «Ատլետիկո»- «Բրյուգե»
23:00. «Ռեյնջերս»- «Լիվերպուլ»
23:00. «Բայեր»- «Պորտու»
23:00. «Բարսելոնա»- «Ինտեր»
23:00. «Վիկտորիա»- «Բավարիա»
23:00. «Տոտենհեմ»- «Այնտրախտ»
23:00. «Սպորտինգ»- «Մարսել»
Վար Բաբայան