Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը կայցելի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, հայտնում է ՌԴ Պարալիմիկ կոմիտեի մամուլի ծառայությունը։
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել էր Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը, որում ներառվել էին սպորտային ֆեդերացիաների նախագահներ:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: Այդ մասին հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծվել է սպորտի միջազգայնացման կարևորությունը:
Իսկ այսօր Ռուսաստանի պատվիրակության՝ Ծաղկաձոր կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները կքննարկեն 2023 թվականին բազայի 55-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը։ Ծաղկաձորի մարզաբազան գործարկվում է 1967 թվականից:
«Ծաղկաձորի մարզաբազան արդյունավետ աշխատում է, բազմաթիվ օլիմպիական չեմպիոններ են այնտեղ մարզվել: Հետագայում նույնպես կշարունակենք համագործակցությունը: Դա կարևոր է այս բարդ ժամանակներում»,-ավելի վաղ իր հայտարարության մեջ ասել էր Մատիցինը:
Ռուսական պատվիրակության կազմում են նաև Ռուսաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Պավել Ռոժկովը, Լողի համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահ, 4-ակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Սալնիկովը, Ռուսաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Ելենա Վյալբեն, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը, օլիմպիական չեմպիոն Յուրի Բորզակովսկին։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը:
«Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է լեռնադահուկային զբոսաշրջությունը՝ այս համատեքստում ներկայացնելով «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին։ Սերգեյ Կովալչուկը նշել է, որ Բելառուսում ինտենսիվ զարգանում է զբոսաշրջությունը, հատկապես ագրո և էկոտուրիզմը։ Նա նաև տեղեկացրել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով։ Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը։ Քննարկվել են նաև բժշկական և կրթական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները»,- ասված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։