Այսօր «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր Բրատիսլավայի «Սլովանին»։
Հանդիպումն ավարտվել է Հայաստանի չեմպիոնի հաղթանակով՝ 2-0 հաշվով (հանդիպման գոլերն՝ այստեղ)։ Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Խաղի մասին քիչ կուզենայի խոսել։ Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին։ Մենք բոլորս պետք միասին լինենք։ Շատ ենք մտահոգված․․․ Ազգ՝ մենք ձեզ հետ ենք։
Հասանք հաջողության առաջին խաղակեսում, երկրորդ խաղակեսում խաղացողներին ասեցի, որ պետք չէ պաշտպանությունից խաղալ, պետք է ագրեսիվ գործենք։ Մեր մոտ և առաջնային ծրագիրը, և երկրորդը ստացվեց:
Շատ դուրս եկավ մեր թիմի խաղը։ Բայց ես նրանց հիշեցրեցի «Բազելի» հետ խաղը, որում ևս առաջին խաղակեսում լավ խաղացինք։ Այսօր մենք ավելի շատ հնարավորություն ունեինք, քան մրցակիցը»։
Տիգրան Բարսեղյանի հետ դրվագի մասին․
«Սա ֆուտբոլ է, էմոցիաներ։ Ոչ մի լուրջ բան․ երբ երկու թիմերն էլ ձգտում են հաջողության, լինում են նման դրվագներ»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Ժալգիրիսին»։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին։
«Բազելը» 6 միավորով գլխավորում է մեր խմբի մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» երեք միավորով երկրորդն է, իսկ «Սլովանը» և «Ժալգիրիսը» ունեն մեկական միավոր իրենց ակտիվում։