Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթային մրցաշարի խմբային փուլի տնային հանդիպում կանցկացնի։ Վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Կոնֆերենցիաների լիգայի խմաբյին փուլի երկրորդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալի Բրատիսլավայի «Սլովանին»։
Սլովակիան ներկայացող թիմի պաշտպան Մյենտի Աբենյան խոսել է Երևան ժամանելու և սպասվող խաղի մասին։
«Թռիչքը շուրջ 2․5 ժամ տևեց։, նույնիսկ հասցրեցի մի փոքր քնել, կարծում եմ՝ մյուսները նույնպես։ Ամեն ինչ կարգին էր։ Մարդիկ օդանավակայում շատ լավ ընդունեցին մեզ։ Երևանի լավ տպավորություններ ունեմ։
Սպասում եմ, որ ստադիոնը լեփ-լեցուն։ «Փյունիկը» ցանկանում է պատմություն կերտել, իսկ մենք այստեղ ենք, որպեսզի կանգնեցնենք նրանց և մեր պատմությունը գրենք։
Ես ինձ լավ եմ զգում։ Բարդ հանդիպումներ ենք ունեցել, բայց ես լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ կռիվ տալ։
Այո, առաջնության նախորդ խաղը տեղափոխվել էր և այդպիսով մենք ավելի շատ ժամանակ ենք ունեցել պատրաստվելու և վերականգնվելու համար։ Կարծում եմ, որ բոլորս պատրաստ ենք այս խաղին»,- Աբենյայի խոսքն է մեջբերել «Սլովանի» մամուլի ծառայությունը։
«Փյունիկ» — «Սլովան» հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 15-ին։ Խաղի սկիզբը՝ 20։45։