Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Փյունիկի» հետ առաջիկա հանդիպման մասին․
«Երևանում երկու անգամ պարտվել եմ Սլովակիայի հավաքականի հետ։ Վստահ եմ՝ երրորդ անգամ հաջողությունը կլինի մեր կողմը։ Երևան ենք ժամանել 22 ֆուտբոլիստով։
«Փյունիկը» շատ լավ կազմակերպված թիմ է։ «Բազելի» հետ խաղի առաջին խաղակեսում «Փյունիկն» ավելի լավն էր։ Հայերն ու վրացիները գիտեն՝ ինչպես խաղան ֆուտբոլ։
Հանգստյան օրերին խաղեր չենք ունեցել, երեկ անցկացրել ենք երկու մարզում, այսօր մարզում կանցկացնենք Հանրապետական մարզադաշտում։ Մենք ստեղծում ենք շատ պահեր, բայց վերջին խաղերում կաղում է թիմի արդյունավետությունը»,- ասել է Վլադիմիր Վայսը։
Սեպտեմբերի 15-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի Բրատիսլավայի «Սլովանին»։ Հանդիպումը կմեկնարկի 20։45-ին։