Սեպտեմբերի 15-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի Բրատիսլավայի «Սլովանին»։
Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկա հանդիպման մասին։
«Երկրում ներկայիս իրավիճակը շատ վատ է։ Պետք է հոգեբանորեն պինդ լինել։ Սակայն ՈՒԵՖԱ-ն պահանջում է անցկացնել այս խաղը։ Մենք պետք է լավ աշխատենք, փորձենք հաղթել։
Դժվար խաղ կլինի մեզ համար։ Մրցակիցն ունի բարձրահասակ խաղացողներ, խաղում են երկար փոխանցումներով, ընդհանուր առմամբ լավ թիմ է։ Մենք պետք է կազմակերպված խաղանք։ Նրանց թիմը լավն է, բայց մեր թիմը ևս լավն է։ Մեզ դժվար կլինի փակել նրանց ուժեղ կողմերը, բայց մենք կփորձենք դա անել։
Մենք խաղում ենք երեք լավ թիմերի հետ խմբում, ոչ մեկին պետք չէ թերագնահատել։ Մենք պետք է շատ աշխատենք, որ հասնենք հաջողության։ Շատերն են այսօր մեզ հավատում և դա մենք վաստակել ենք մեր քրտինքով։
Մենք ունենք թիմ, որը կարող է երկու ճակատով աշխատել առաջնությունում ու Կոնֆերենցիաների լիգայում»,- ասել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20։45-ին։