Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցում է էստոնական «Պայդեի» հետ։ Հիմնական ժամանակից հետո խաղու ու դիմակայության հաշիվը 0:0 է: Քիչ անց կսկսվի լրացուցիչ ժամանակը:
Խաղն ակտիվ սկսեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները ու մի քանի անգամ սպառնացին մրցակցի դարպասին: 23-րդ րոպեին վտանգավոր գրոհ ձեռնարկեցին տանտերերը, սակայն հարձակվող թիմի ֆուտբոլիստի հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Առաջին խաղակեսի վերջնամասն անցավ հայկական թիմի առավելությամբ, սակայն առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց:
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի դիտարժան պայքարում: Խաղասկզբում հյուրերը կարող էին բացել հաշիվը: Հակոբ Հակոբյանի փոխանցումից հետո Ֆիրմինոն նպաստավոր դիրք դուրս եկավ, սակայն նրա հարվածից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը: Այս դրվագից անմիջապես հետո հաշվի մեջ առաջ անցնելու լավ հնարավորություն ունեին նաև դաշտի տերերը: 84-րդ րոպեին Հայաստանի փոխչեմպիոնն ուներ գոլ խփելու լավագույն հնարավորությունը, սակայն նախ Ֆիրմինոն վրիպեց, այնուհետև չստացվեց Դուարտեի հարվածը:
Հիշեցնենք, որ երեւանյան խաղում դարպասի գրավում չէր եղել։