«Բոհեմիանս 1905» ֆուտբոլային ակումբը, որը գտնվում է Պրահայի Վրշովիցե շրջանում, ժառանգության մասին անսպասելի նորություն է ստացել: Տարեց երկրպագուն իր ամբողջ ունեցվածքը կտակել է սիրելի թիմին: Այս մասին հաղորդում է iDNES-ը:
Յան Հոուդեկը ծանր հիվանդությունից հետո 71 տարեկանում մահացել է 2018 թվականին: Մահից առաջ նա կտակ է կազմել, որի մասին հայտնի է դարձել միայն հիմա: Խոսքը Պրահայում բնակարանի և 7 միլիոն կրոն դրամական միջոցների մասին է:
«Ես կուզեի նրան հրավիրել հանդիպման, ծանոթանալ ու շնորհակալություն հայտնել: Ցավոք՝ ճակատագիրը թույլ չի տվել անել դա: Ամենաքիչը, որ կարող ենք անել՝ ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցել: Սա անհավանական պատմություն է մեր ակումբին նվիրվածության, սիրո ու հավատարմության մասին»,- ասել է ակումբի սպորտային տնօրեն Դարեկ Յակուբովիչը:
Թե ինչպես «Բոհեմիանս 1905»-ը կհարգի նվիրյալ երկրպագուի հիշատակը, առայժմ հայտնի չէ: