«Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որն օրերս ստացավ հայկական անձնագիր և ելույթ կունենա Հայաստանի հավաքականում, զրուցել է Match TV-ի հետ։
«Երբ սկսեցի հասուն տարիքում ֆուտբոլ խաղալ, մտածում էի միայն ակումբային կարիերայիս մասին։ Եկավ մի պահ, որ ինձ հարցնում էին, թե ո՞ր հավաքականն եմ ընտրելու։ Ես նշել եմ, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում։ ԱՅդ մասին մեկ տարի առաջ ուղիղ ասել եմ։
Մի անգամ մի աղջիկ եկել էր «Տորպեդոյի» մասին ռեպորտաժ նկարելու, որի ընթացքում նշել էր, իբր ցանկանում եմ խաղալ Ռուսաստանի հավաքականում։ Իհարկե, ես նման բան չէի ասել։ Այն ժամանակ ուշադրություն չդարձրի, բայց հիմա ուղղակի չեմ ընկալում՝ ինչու այդ աղջիկը նման հայտարարություն տարածեց։
Շատ պարզ է՝ ինչու եմ ընտրել Հայաստանի հավաքականը։ Հայրս հայ է, ես հայկական արյուն ունեմ, ազգանունս հայկական է։ Ես Հայաստանում շատ հարազատներ և բարեկամներ ունեմ։ Հայրս միշտ պատմել է Հայաստանի պատմության մասին, և ինքս միշտ զգացել եմ իմ և Հայաստանի կապը։ Հենրիխ Մխիթարյանն էլ եղել է մանկությանս ֆուտբոլային կուռքը»։