Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Կիոկուշին կարատեի Հայաստանի Գավաթի առաջնությունը, որին շուրջ 500 մարզիկ է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից:
Կիոկուշին Կայ կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի խոսքով՝ առաջնությունն անցել է շատ դիտարժան պայքարում. «Մրցումները շատ լավ անցան: Ականատես եղանք շատ գեղեցիկ մենամարտերի և թեժ պայքարի»:
Առաջնությանը ներկա են գտնվել նաև Օյամա Կիոկուշին կարատեի և Համահայկական բուդո կիոկուշին կարատեի ֆեդերացիաների ներկայացուցիչները՝ որպես պատվավոր հյուրեր:
Հայաստանի Գավաթի առաջնության արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը հուլիսին Քոբուլեթիում կմասնակցի Կովկասի առաջնությանը, ինչպես նաև Բուլղարիայի Վառնա քաղաքում կայանալիք Աշխարհի Գավաթի ամենամյա առաջնությանը: