Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունը.
«Կփորձենք հաջորդ մրցաշարերում ավելի լավ հանդես գալ։ Կփորձենք ավելի լավ արդյունքների հասնել։ Ընդհանուր առմամբ, տղաների ելույթներից գոհ եմ։ Սպասելիքներ կային Եվրոպայի առաջնությունից։ Անդրեասյանին շատ քիչ չբավարարեց չեմպիոն դառնալու համար։ Ինչ վերաբերում է մյուս մասնակիցներին, թերություններ կան, կփորձենք աշխատել, շտկել։ Մրցավարությունն առաջնությունում նորմալ էր, իսկ բողոքարկումները, որոնք եղան, տեղին էին։
Հայաստանի առաջնության մասնակիցների քանակը նվազում է, բայց այս պարագայում այսպիսի արդյունք գրանցելն իսկապես զարմանալի է։ Մենք ռեզերվ չունենք։ Այս պահին Հայաստանի առաջնությանը մասնակցում է 30 մարզիկ։ Ներկայումս տղաները բարձրացրել են նշաձողը, բայց նրանց հետևից եկող սերունդ չկա։ Եթե մենք այսօր մեր առջև օլիմպիական խաղերից մեդալն նվաճելու նպատակ ենք դրել, այս պահին կա այդ խնդիրը»,- ասել է Կուղրինյանը:
Մարզիչը նաև նշել է, որ Վազգեն Թևանյանը, ով վիրահատության էր ենթարկվել ու չէր մասնակցում Եվրոպայի առաջնությանը, այժմ վերականգնվում է. «Հույս ունենք՝ ԱԱ-ին նա պատրաստ կլինի»:
Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով է վերադարձել Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունից․ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, արծաթե մեդալակիր է դարձել Արման Անդրեասյանը, իսկ բրոնզե մեդալակիր՝ Մանվել Խնձրցյանը։