Ճապոնիայի կառավարությունն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար:
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանն ArmSport-ի հետ զրույցում մեկնաբանել է այս համագործակցությունը.
-Ինչպե՞ս ծագեց այս գաղափարն ու ի՞նչ կտա սա ինստիտուտին:
-2020 թվականին դիմեցինք Ճապոնիայի դեսպանատուն՝ իրենց դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար: Ինչո՞ւ հենց ձյուդոյի ու կարատեի դահլիճը. երկու մարզաձևն էլ ճապոնական մշակույթի կրողն են, և Հայաստանում այդ մարզաձևերի զարգացման, կրթական գործընթացն ավելի արդյունավետ ու որակյալ կազմակերպելու առումով ուղղվածությունը համապատասխանում էր այդ դրամաշնորհային ծրագրին: Ժամանեցին դեսպանատան աշխատակիցները, հավանություն տվեցին գաղափարին, ու սկսեցինք կազմակերպչական աշխատանքներով զբաղվել: Առաջին փուլում ուսումնասիրվեցին փաստաթղթերը, երկրորդ փուլում Ճապոնիայի կառավարությունը հաստատեց ծրագիրը, իսկ երրորդ փուլը հուշագրի ստորագրումն էր: Արդեն երրորդ փուլում ենք ու շատ ուրախ ենք այդ առիթով: Ուրախ ենք, որ արժանացել ենք Ճապոնիայի կառավարության վստահությանը:
-Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում իրականացնել այս գումարով:
-Գումարն ամբողջությամբ ուղղվելու է ձյուդոյի և կարատեի մարզադահլիճի վերանորոգմանը, անգամ կարող եմ ասել՝ վերակառուցմանը: Դահլիճը չէր համապատասխանում չափորոշիչներին, քանի որ չունեինք բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ և հանդերձարաններ: Չնայած դահլիճը երկրորդ հարկում է գտնվում, տանիքի հետ կապված խնդիրներ ևս ունեինք: Հատկապես այս եղանակին անձրևաջրեր էր հոսում: Աշխատանքը պետք է սկսվի հենց տանիքից: Թարմացվելու են նաև օդափոխության և ջեռուցման համակարգերը: Կվերանորոգվեն սանհանգույցները, հանդերձարանները: Նախատեսում ենք դահլիճի մասնագիտական և տեխնիկական գույքի թարմացում ևս:
-Արդյոք սա ենթադրո՞ւմ է նաև մասնագետների վերապարաստում:
-Մասնագետների առումով, ճիշտն ասած, մենք դժգոհություն չունենք: Մեր թե՛ ձյուդոյի և թե՛ կարատեի մարզիչները շատ բարձր որակավորում ունեն ու լավագույնն են իրենց գործում: Մենք կարևորում ենք ոչ միայն կրթական գործընթացը, այլև մեր առջև խնդիր ենք դրել ֆեդերացիաների հետ զբաղվել մարզիչների վերապատրաստմամբ ու նաև մրցավարական սեմինարների անցկացմամբ: Արդեն բավարար պայմաններ կունենանք դրա համար՝ այդ թվում տեխնիկական՝ լուսածրիչներ (պրոեկտոր), որպեսզի մրցումներից առաջ և հետո գոտեմարտերի վերլուծություն իրականացնեն: Նախատեսում ենք նաև վետերանների մարզական պարապմունքներ կազմակերպել՝ խթանելով առողջ ապրելակերպը: Կունենանք նաև մանկապատանեկան տարիքի խմբեր: Շաբաթական մոտ 700 մարզիկ, երեխաներ ու վետերաններ կներգրավվեն այդ դահլիճում անցկացվող մարզումային գործընթացներում:
-Ե՞րբ են սկսվելու դահլիճի վերակառուցման աշխատանքներն ու ե՞րբ եք նախատեսում դրանք ավարտել:
-Ֆինանսավորումը, կարծում եմ, կսկսվի ապրիլի 1-ից: Աշխատանքները նախատեսում ենք ավարտել մեկ տարում: Այդ ընթացքում ժամանակավոր դահլիճներ կտրամադրենք ձյուդոյի և կարատեի խմբերի համար: Պետք է ամեն ինչ անենք, որ տեղավորվենք այս ժամանակային պլանի մեջ: Չենք ցանկանում բավարարվել միայն այս դրամաշնորհային ծրագրով: Հետագայում նախատեսում ենք այլ ծրագրերի շուրջ էլ համագործակցել, իսկ դրա համար պետք է վստահելի գործընկեր լինենք: