ArmSport-ը զրուցել է Ուկրաինայի Առաջին խումբը ներկայացնող «Կրեմենի» կիսապաշտպան Սիմոն Գալոյանի հետ՝ մանրամասներ իմանալու երկրում տիրող պատերազմական իրավիճակի մասին։
Սիմոնի հետ ունեցած զրույցից բացի, կարող եք վերհիշել ամիսներ առաջ վերջինիս տված ծավալուն հարցազրույցը մեր կայքին։
-Սիմոն, քո ներկայիս ակումբը ներկայացնում է Կրեմենչուկ քաղաքը, որը բավականին մոտ է Խարկովին։ Ինչպիսի՞ իրավիճակ է հիմա այնտեղ։
-Իրավիճակը բավականին բարդ է։ Պատերազմը սկսվելուն պես ես տեղափոխվել եմ մայրաքաղաք Կիև, որտեղ ընտանիքս է ապրում։ Այստեղ մնալը հնարավոր չէր, քանի որ ռուսական զորքը մտել էր Խարկով։
-Ինչպիսի՞ն է իրավիճակը մայրաքաղաքում։
-Շատ ծանր իրավիճակում ենք։ Բնակչությանը իշխանությունը զենք է բաժանել։ Ամենուր անկարգություններ են։ Էլ չեմ խոսում ռուսական տեխնիկայի և զորքի մասին։
-Տեղյա՞կ ես հայ համայնքի ներկայացուցիչներից։ Արդյո՞ք անվտանգ վայրերում են։
-Կիևում մի քանի հայ ընտանիքներ եմ ճանաչում։ Բոլորը թաքնված են նկուղներում։ Հայրս մթերային խանութ ունի։ Ստիպված բացում է այն, որպեսզի մարդիկ սնունդ վերցնեն։ Հասկանում ենք, որ շատ վտանգավոր է, բայց այդկերպ գոնե մարդիկ սոված չեն մնում։
-Պարզ է, որ ֆուտբոլը ստեղծված իրավիճակում մղվել է հետին պլան, բայց կարողանու՞մ ես պահել մարզավիճակդ։
-Ամեն օր տանը անհատական մարզումներ եմ անցկացնում, որպեսզի կարողանամ մնալ մինիմալ մարզավիճակում։ Տա Աստված, այս ամենը շուտ վերջանա, և բոլորը վերադառնան իրենց բնականոն կյանքին։
Սուրեն Մելիքսեթյան