Չեմպիոնների լիգան վերադառնում է․․․ Այսօր կմեկնարկի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի փլեյ-օֆֆը։
Այս շաբաթ կկայանա 1/8 եզրափակչի 4 հանդիպում, իսկ մյուս 4-ը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Երեքշաբթի մենք ականատես կլինենք ՊՍԺ-«Ռեալ» և «Սպորտինգ»-«Մանչեսթեր Սիթի» դիմակայություններին, իսկ չորեքշաբթի կկայանան «Զալցբուրգ»-«Բավարիա» և «Ինտեր»-«Լիվերպուլ» հանդիպումները։ Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Այժմ համառոտ այս խաղերի մասին։
⚽ Ինտրիգային հանդիպում՝ «Գահերի խաղի» մոտիվներով
«Երբ խաղում ես «Գահերի խաղը», կամ հաղթում ես, կամ․․․». Սերսեա Լանիսթեր («Գահերի խաղ»)
ՊՍԺ-«Ռեալ» հանդիպումը անկասկած ամենակենտրոնական դիմակայություններից մեկն է այս փուլում, եթե ոչ ամենագլխավորը։ Բայց խոսքը միայն մարզադաշտում նախատեսված թեժ հանդիպման մասին չէ։ Այս երկու ակումբները կապված են նաև հետկուլիսյան ինտրիգներով։
Ակումբների նախագահներ Պերեսն ու Ալ-Խելաիֆին կհանդիպեն մեկ տարվա լարվածությունից ու լռությունից հետո։ Ակումբների միջև հարաբերությունները սրվելու պատճառներից մեկը հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերն է իսպանական գրանդ։ Այսօր լրագրողների հրապարակումներից հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստի և մադրիդյան ակումբի միջև բանակցություններն ավարտական փուլում են։ «Սերուցքայինները» մտադիր են Մբապեի տրանսֆերի մասին հայտարարել ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումներից հետո։
Կողմերի միջև լարվածության ևս մեկ պատճառ է նաև այն, որ Պերեսը Սուպերլիգայի հիմնադիրներից մեկն է, իսկ ՊՍԺ-ի նախագահ Ալ-Խելաիֆին, ով նաև Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահն է, ի սկզբանե դեմ էր այս նախագծին: Եվս մեկ հետաքրքիր ինտրիգ․ Ալ-Խելաիֆին այս տարի փորձեց կրկնել «Ռեալի» նախկին փորձը, այսպես ասած, ձևավորելով նոր «Գալակտիկոս»՝ հավաքելով թիմում որքան հնարավոր է շատ աստղային ֆուտբոլիստներ։ Ժամանակին «Ռեալի» համար այսպիսի փորձն այդքան էլ մեծ պտուղներ չտվեց, և հիմա հետաքրքիր է՝ բացի մեծ թվով մարզաշապիկներ վաճառելուց, ՊՍԺ-ն կունենա՞ հաջողություններ նաև բուն խաղադաշտում։
Թիմերը հանդիպմանը մոտենում են որոշակի կորուստներով․ իսպանական գրանդի հայտացուցակում ընդգրկված է թիմի առաջատարներից մեկը՝ Կարիմ Բենզեման, սակայն նրա մասնակցությունն այսօրվա խաղում հարցականի տակ է։ Լրիվ նույն իրավիճակը ՊՍԺ-ի ճամբարում է՝ Նեյմարի հետ կապված։ Բացի այդ, իր նախկին թիմի դեմ հանդիպումը բաց կթողնի Սերխիո Ռամոսը։ Սակայն, ինչպես վերևում նշել ենք Սանսա Սթարքի խոսքերը, առանց մեկ գայլի, ոհմակը շարունակում է ապրել և առաջ գնալ․․․
Մարզիչները՝ հանդիպման մասին
Ի՞նչ ակնկալել այսօրվա խաղից․․․ Դժվար է կանխատեսել, հնարավոր է ամեն ինչ, այսօր մենք կտեսնենք մոտավորապես հավասարազոր թիմերի դիմակայություն և իրոք, իրադարձությունների զարգացման այլ սցենարի դեպքում, այս հանդիպումը կարող էր լինել նաև եզրափակչում։ Անչափ հետաքրքիր կլինի տեսնել՝ ո՞վ կհաղթի Վեսթերոսի («Գահերի խաղ») համար պայքարում, իսկ թե կողմերից ովքեր են Լանիսթերները և ովքեր՝ Ստարքերը, արդեն որոշեք դուք։
⚽ Բացահայտ ֆավորիտները
«Ես ցածրահասակ եմ, բայց չեմ վախենում թշնամիներիս հետ առերեսվել»․ Տիրոն Լանիստեր («Գահերի խաղ»)
Հաջորդ երկու խաղերի վրա շատ չենք կենտրոնա․ «Սպորտինգ»-«Մանչեսթեր Սիթի» և «Զալցբուրգ»-«Բավարիա» հանդիպումներում ֆավորիտները բացահայտ են։ Թե՛ անգլիական, թե՛ գերմանական գրանդը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից են։ Նրանց այս փուլում բաժին են հասել մրցակիցներ, որոնց առանց այդ էլ շատերը չէին սպասում տեսնել փլեյ-օֆֆում։ Կարո՞ղ են անակնկալներ գրանցվել այս դիմակայություններում․․․ իհարկե, դա հնարավոր է, բայց, շատ քիչ հավանականությամբ։ Համենայն դեպս, նամանավանդ ավստրիական ակումբի համար, «Բավարիայի» դեմ խաղը կլինի թերևս ամենագլխավոր դիմակայությունը թիմի պատմության մեջ, չէ՞ որ, մինչ այժմ «Զալցբուրգն» այսքան հեռուն չէր գնացել ամենագլխավոր ակումբային մրցաշարում․․․ Եվ ինչո՞ւ դռները հետևից չփակել մեծ «հրավառությամբ»․․․ իսկ, միգուցե, ևս մեկ անակնկալո՞վ․․․
⚽ Ինձագին ընդդեմ Կլոպի
«Որոշ դռներ ընդմիշտ փակվում են, իսկ մյուսները բացվում են ամենաանսպասելի վայրերում»․ Լորդ Վարիս («Գահերի խաղ»)
Շատերի ուշադրության կենտրոնում ՊՍԺ-ի և «Ռեալի» դիմակայությունն է, սակայն «Ինտեր»-«Լիվերպուլ» հանդիպումը ևս կենտրոնականներից մեկն է այս փուլում։ «Լիվերպուլում» ամեն ինչ կարգին է, թիմի գրեթե բոլոր առանցքային խաղացողները կազմում են, և, ըստ իս, մի փոքր առավելությամբ այս պահին դիմակայությունում ֆավորիտը հենց Կլոպի թիմն է։ Սակայն «Ինտերը» «ամուր ընկույզ» է, և ասել, որ Ինձագիի թիմը բոլոր ասպեկտներով կզիջի մերսիսայդցիներին, սխալ կլինի։ Այո՛, դժվար հանդիպում է սպասվում միլանյան գրանդին․ թիմի խաղը, ճիշտն ասած, վերջին հանդիպումներում այդքան էլ չի տպավորում, ֆուտբոլիստների մոտ դիտարկվում է որոշակի հոգնածություն և հարցական է՝ կկարողանա՞ն արդյոք «Ինտերի» ֆուտբոլիստները պահել «Լիվերպուլի» խաղացողների արագ տեմպը, բարձր պրեսինգը․․․ Բայց Ինձագին արդեն ապացուցել է, որ բավականին ճկուն է մարտավարության հարցում, և հնարավոր է, որ նա վաղը կկարողանա զարմացնել Կլոպին նոր մտահղացումներով․․․
Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ կգրանցվի՞ անակնկալ այս չորս խաղերից որևէ մեկում։ Դե ինչ, մեզ այսօր և վաղը սպասվում են դիտարժան և թեժ հանդիպումներ, բոլորիս բարի ժամանց, առողջ եղե՛ք․․․
Վար Բաբայան