Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական խաղում հաղթեց Չիլիի ընտրանուն։ Հանդիպումը կայացել է հունվարի 28-ի գիշերը (Երևանի ժամանակով) Սանտյագոյում և ավարտվել 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հաղթողների կազմում աչքի են ընկել Անխել Դի Մարիան (9-րդ րոպե) և Լաուտարո Մարտինեսը (34): Պարտվողների կազմում գոլ խփեց Բեն Բրերետոնը (20):
Արգենտինան 14 խաղից հետո վաստակեց 32 միավոր և մնաց հարավամերիկյան գոտու մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում։ Չիլին 15 խաղից հետո ունի 16 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Ուրուգվայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Պարագվայի ընտրանուն։ Հանդիպումն անցկացվել է Ասունսիոնի մարզադաշտում և ավարտվել 1-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Միակ գոլը 50-րդ րոպեին խփեց «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը։ Ուրուգվայի հավաքականի հայտացուցակից բացակայում էր Դիեգո Ռոսսի Մարաշլյանը։
Ուրուգվայը ընդհատեց 4 պարտությունների շարքը և 15 խաղից հետո 19 միավորով բարձրացավ 4-րդ տեղ ընտրական մրցաշարի մրցաշարային աղյուսակում։ Պարագվայը զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ տեղը․ թիմը 15 խաղից հետո ունի 13 միավոր։
Էկվադորը և Բրազիլիան ոչ-ոքի խաղացին։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով․ թիմերի կազմերում աչքի ընկան համապատասխանաբար Տորեսն ու Կազեմիրոն։
Այսպիսով, Բրազիլիան 14 խաղում վաստակեց 36 միավոր և ընտրական խմբում մնաց 1-ին տեղում։ Բրազիլացիները ժամանակից շուտ ապահովել են Աշխարհի առաջնության ուղեգիր, ինչպես և Արգենտինան։ Էկվադորը (15 խաղից հետո 24 միավոր) 3-րդ տեղում է։