Դեկտեմբերի 24-ին մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը: Փետրվարի 1-ին էլ մեկնարկելու է Հայաստանի երիտասարդների առաջնությունը:Այս մասին ArmSport-ի հետ զրույցում տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը.
«Դեկտեմբերի 24-29-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում կկայանա Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կձևավորվի հավաքականի կազմը: Մարտի 11-ին Խորվաթիայում կմասնակցենք Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը, որին նախապատրաստվելու համար նախ հավաք կունենանք Ծաղկաձորում, ապա՝ Երևանում»,-ասում է Կարեն Աղամալյանը:
Մարզչի խոսքով, այդ մրցումներից հետո կսկսվի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական հիմնական փուլը. «Տղաները մեկ կամ երկու մրցման կմեկնեն մասնակցելու: Սրանք են մեր հիմնական նպատակները՝ մինչև Եվրոպայի առաջնություն: Քանի որ մրցաշարն անցկացվելու է Երևանում, սպասելիքները մեծ են: Պատասխանատվությունն էլ է շատ մեծ: Կաշխատենք՝ պատվով հանդես գալ»:
Կարեն Աղամալյանն ասում է՝ բռնցքամարտիկները մեծ ոգևորությամբ են ընդունել տնային Եվրոպայի առաջնության գաղափարը. «Տղաները շատ ոգևորված են, վստահ եմ՝ ավելի լավ կպատրաստվեն, չնայած մինչ այս էլ դժգոհություն չունեմ իրենց մարզումներից»:
Խոսելով 2021 թվականի արդյունքների մասին՝ Կարեն Աղամալյանը մեկ բառով այն «աննախադեպ» է բնութագրում. «Շատ հաջող տարի էր հայկական բռնցքամարտի համար: Աշխարհի առաջնությունում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցինք, որ շատ երկար նման արդյունք չէինք ունեցել: Չալոյանը մենամարտից մենամարտ աճեց: Իհարկե յուրաքանչյուր մարզիկից էլ բարձր արդյունքներ էի սպասում, բայց այո, կարելի է ասել՝ Չալոյանը բացահայտումն էր»:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը Երևանում: